Իրավունք

Անահիտ Մանասյանն ու Քրիստոֆեր Ջ. Անդերսոնն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը

3 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն ու Քրիստոֆեր Ջ. Անդերսոնն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ Մուռը և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը հյուրին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումներին։

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։

Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Հանդիպման շրջանակներում պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները, նշել, որ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: 

Ի թիվս այլնի, քննարկվել են  հավաքների ազատության իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության համատեքստում առկա խնդիրները։

Իր հերթին Քրիստոֆեր Ջ. Անդերսոնը շնորհակալություն է հայտնել պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում