ԱՄՆ Պետդեպի խոսնակն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Armenpress 12:37, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետի նամակը մոլորության մեջ է գցել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարին: Ապրիլի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեն Պսակին, լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչպես եք գնահատում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, ասել է. «Մենք ողջունում ենք Էրդողանի` 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած տառապանքի պատմական հրապարակային ընդունումը: Մենք հավատում ենք, որ սա դրական նշանն է այն բանի, որ կարող էլինել դեպքերի լիարժեք, ազնիվ ու արդար ճանաչում, որը, հավատացած ենք, կնպաստի հայերի ու թուրքերի միջև հաշտեցման խնդրին»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին, սակայն խեղաթյուրել է Հայոց ցեղասպանության իրողությունն ու հնչեցրել ժխտողական կոչեր:

Ապրիլի 24-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և ի մասնավորի ասել է. «Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am