Վալմարի 65-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կբացվի Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Վալմարի «Իսպանական տպավորություններ» խորագրով ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կբացվի ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, «Valmar art gallery»-ում (Բուզանդի 53-55): Այն նվիրվում է անվանի նկարչի 65-ամյակին:
Վալմարը (Վլադիմիր Մարգարյան) ծնվել է Գյումրիում 1948 թվականի ապրիլի 21-ին: 1972թ. ավարտել է Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտը: Սկսած 1972 թվականից` բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել' ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսների: 1976 թվականից Վալմարը Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1994 թվականից' միջազգային նկարիչների միության անդամ (UNESCO): Արժանացել է մի շարք դիպլոմների և մրցանակների, 2006թ.-ին ՀՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 2007թ.` ոսկե մեդալին, 2008թ.` ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 40-ից ավելի անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներով' կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:
Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում, բազմաթիվ ստեղծագործություններ էլ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում