Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վարչապետ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում հաստատակամության հույս է հայտնել

Վարչապետ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում 
հաստատակամության հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը շարունակվում է, և Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ կողմերը հաստատակամ կլինեն այդ հարցում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին և անդրադառնալով այդ խնդրի շուրջ Հայաստանի ունեցած ռազմավարական տեսակետին։

«Այժմ հիմնական խնդիրն անվտանգությունն է։ Իսկ, ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը։ Ինչպե՞ս ենք ապահովելու անվտանգությունը մեր երկրի համար։ Վերջերս ես ելույթ ունեցա մեր խորհրդարանում՝ ասելով, որ կարծում եմ, որ  անվտանգության ապահովման ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է»,- հայտարարեց Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչո՞ւ է Հայաստանն այդքան հաճախ խոսում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի մասին:

Վարչապետը լսարանի հետ կիսվեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագիրը:

«Այն ընդունվել է խորհրդային 12 հանրապետությունների կողմից՝ մատնանշելով երկու շատ կարևոր գաղափար. նախ, Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ:

Հոկտեմբերի 6-ին Պրահայում մենք քառակողմ հանդիպում ունեցանք Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց․ նախ, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Պայմանավորվել ենք նաև, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է հիմք հանդիսանա երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացի համար»,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պետք չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ գծել կամ ստեղծել, քանի որ պարզապես պետք է վերարտադրել առկա սահմանը հենց գետնի վրա։

«Այդ գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ մենք հաստատակամ կլինենք դրանում»,- ասաց վարչապետը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am