Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. ինչպես վիտամինների դեֆիցիտի, այնպես էլ ավելցուկի դեպքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ինչպես վիտամինների դեֆիցիտի, այնպես էլ ավելցուկի դեպքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քչերը գիտեն, բայց սննդամթերքների և դրանցից ստացվող վիտամինների պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների, այդ թվում՝ ծայրամասային նյարդերի ախտահարման։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ զրուցել ենք ծայրամասային նյարդերի ախտահարման պատճառների և առաջարկվող լուծումների շուրջ։ Ինչպես նաև խոսել ենք, թե ի՞նչ ազդեցություն ունի սխալ սննդակարգը և վիտամինների բացակայությունն այս խնդրի ձևավորման վրա։

MXO_3215.JPG (569 KB)

«Վերջույթների ցավային համախտանիշները նյարդաբանական պրակտիկայում ամենահաճախը պայմանավորված են ծայրամասային նյարդերի ախտահարման հետ։ Այդ խնդիրների զարգացման պատճառները նյարդաբանության մեջ բավականին շատ են։ Դրանք կարող են լինել ինչպես առաջնային հիվանդություններ, որոնք հենց դրսևորվում են միայն ծայրամասային նյարդերի ախտահարմամբ՝ մի շարք սննդանյութերի կամ սննդում առկա տարբեր կարևոր նյութերի բացակայության կամ դեֆիցիտի հետևանքով, ինչը կարող է առաջացնել նյարդերի վնասում։ Եվ, իհարկե, կարող են լինել մի շարք հիվանդությունների երկրորդային բարդություններ, որոնք կարող են առաջանալ նաև որոշ հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվող դեղորայքի կամ բուժական այլ միջոցների՝ քիմեոթերապիայի, ճառագայթային բուժման հետևանքով»,- նշեց Պետրոսյանը։

Մասնագետն ընդգծեց՝ առանց բժշկի ցուցման և հետազոտման որոշակի սննդակարգերի կիրառումը կարող է բավականին մեծ վնաս հասցնել առողջությանը, քանի որ ոչ ոք առանց հետազոտման չգիտի՝ ունի արդյոք որևիցե «քնած» խնդիր», որը կարող է սխալ սննդակարգի կամ որոշակի նյութերի բացառման պատճառով հանգեցնել կլինիկական դրսևորումների։

«Շատերի մոտ՝ հատկապես երիտասարդ աղջիկների, շատ նորաձև է դարձել կենդանական սննդատեսակներից հրաժարվելը, ինչը կարող է հանգեցնել B խմբի որոշակի վիտամինների անբավարարության զարգացման։

Մեկ այլ ծայրահեղ խնդիր էլ կա. շատերը առանց հետազոտվելու սիրում են տարբեր վիտամիններ ընդունել։ Ցավոք, այսօր շատերը սկսել են մի շարք գովազդային արշավների հետևելով՝ ընդունել տարբեր վիտամինային դեղահաբեր ու հավելումներ՝ առանց գիտակցելու, որ ինչպես դրանց դեֆիցիտի, այնպես էլ ավելցուկի պարագայում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, երբեմն նույնիսկ ավելի բարդ»,- ընդգծեց նա։

Մասնագետը խորհուրդ տվեց յուրաքանչյուր պարագայում ցանկացած դեղորայք, նույնիսկ շատերի կողմից անվտանգ համարվող վիտամինային դեղերն ընդունել միայն հետազոտվելուց և բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Ծայրամասային նյարդերի ախտահարման պատճառների, մեր օրգանիզմի վրա վիտամինների ավելցուկի, դեֆիցիտի հետևանքների և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

ԼսեքնաևայլթեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում