Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. Ք.ա. 15-րդ դարին թվագրվող բրոնզե քարայծի քանդակը Արթիկում զարգացած գեղարվեստական մետաղագործության ապացույցներից է

3 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. Ք.ա. 15-րդ դարին թվագրվող բրոնզե  քարայծի քանդակը Արթիկում զարգացած գեղարվեստական մետաղագործության ապացույցներից է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քա 15-րդ դարին թվագրվող բրոնզե  քարայծի քանդակը հայտնաբերվել է Արթիկի դամբարանադաշտից, որը  ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի յուրօրինակ հուշարձաններից է համարվում: Այնտեղից հայտնաբերված բրոնզե  քարայծի քանդակը, ըստ մասնագետների, խոսում է  այդ դարաշրջանում Արթիկում զարգացած գեղարվեստական մետաղագործության մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի  հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Բենիկ Վարդանյանը նշեց, որ Արթիկի դամբարանադաշտը թվագրվում է Ք.ա. 15-9-րդ դարերով։ Հուշարձանի տարածքից գտնվել է 640 դամբարան։

Ի թիվս այլ իրերի՝ Արթիկից գտնվել է քարայծի քանդակ-շտանդարտ, ինչն Արթիկում զարգացած գեղարվեստական մետաղագործության ապացույցներից է։ Օվալաձև այդ դամբարանից հայտնաբերվել է խիստ քայքայված կմախքի կծկված դիրքով թաղում, որին ուղեկցում են երեք խեցանոթ, ինչպես նաև քարայծի այս բրոնզաձույլ արձանը և երկու ձիասանձ: Այն վկայում է դրանց կառքային համալիրին պատկանելու մասին և երկրորդը՝ դրանք ցույց են տալիս տարածաշրջանում առարկայի հոգևոր պատկերացումների ընդհանուր համատեքստը:

 

Քարայծների քանդակներ հայտնի են բացառիկ օրինակներով: Դրանք բրոնզեդարյան ժամանակաշրջանում, ըստ երևույթին, եղել են ամպրոպի աստծուն ուղեկցող կենդանիները: Այս արձանի առանձնահատկությունը դրա բրոնզաձույլ մոմե կաղապարում պատրաստված լինելու  հանգամանքն է, որն ունի սեպաձև կտրվածքներ»,-ասաց Բենիկ Վարդանյանը:

Մասնագետը, ներկայացնելով բացառիկ նմուշը, նշեց, որ շտանդարտը քառանկյուն հարթակի վրա կանգնած քարայծի ծավալուն քանդակ է։ Կենդանու ոտքերը թեթևակի կքած են։ Վեր պարզած փոքր գլուխը պսակված է երկար, կոր եղջյուրներով։ Աչքերը կլոր են, պարզորոշ, ականջները ցից, բերանը կիսաբաց է, վարի շուրթից կախված է կլոր օղ։

Բարձր պարանոցին կրում է հասկաձև փորագրազարդ եռաշար մանյակ։ Իրանի վրա ունի սեպաձև կտրվածքներ, որոնք եզերված են փորագրազարդով։ Պատվանդանը հիմքում խարսխաձև է՝ ծայրերում ֆալլաձև ելուստներով։ Ֆիգուրան սնամեջ է, ներսում ունի երեք բրոնզե շարժվող գնդիկներ։ 

Ըստ նրա՝ դրանք  նախատեսված են եղել, որպեսզի խորհրդանշեն մոտեցող կառքը: Մասնագետն ընդգծեց՝ քարայծի այս արձանիկը տարածաշրջանի և ժամանակաշրջանի բացառիկ էսթետիկությամբ պատրաստված նմուշներից մեկն է:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում