Հատուկ նախագծեր

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

3 րոպեի ընթերցում

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ տագնապային գրոհ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տագնապային գրոհը, որն արտահայտվում է սուր անհանգստությամբ, վախով, ֆիզիկական թուլությամբ, խեղդվելու զգացումով, գլխապտույտով, կրծքավանդակում սեղմվածության զգացումով, ուշաթափությամբ, նյարդային համակարգի պաշտպանական մեխանիզմ է․ այն պատասխան է արտաքին սթրեսածին ազդակներին, երբ սպառվել է անձի հակազդելու ռեսուրսը։ 

Տագնապային գրոհի ախտանշաններով Հայաստանում հոգեբանին դիմելիությունը բավական ավելացել է։ «Արմենպրես»-ը «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքասթային նախագծում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիանա Ավետիսյանի հետ զրուցել է տագնապային գրոհների բնորոշ առանձնահատկությունների, ախտորոշման բարդությունների, հոգեթերապևտիկ աշխատանքի նրբությունների, Հայաստանում տարածվածության և այլ հարցերի մասին։ 

Ի պատասխան մեր դիտարկման, որ կենցաղում հաճախ են անձի հետ կատարվող որոշ ֆիզիոլոգիական դրսևորումներ նրան շրջապատողներն ախտորոշում որպես «խուճապային գրոհ» կամ паническая атака, մասնագետը նկատեց, որ երևույթն այնքան էլ հեշտ չի ախտորոշվում, ավելին՝ երբեմն մարդիկ ամբողջ կյանքում ունեն այս խնդիրը, բայց տեղյակ չեն, որովհետև դրսևորվող հոգեսոմատիկ ախտանշանները շատ խաբուսիկ են։ 

8D1A6434.JPG

«Մարդը կարող է հաճախակի խեղդվել, բայց չհասկանալ պատճառը և նույնիսկ սխալ ախտորոշում ունենալ (օրինակ, բրոնխիտ)։ Իսկ դեղորայքը նման դեպքերում չի վերացնում խնդիրը։  Արտաքին ախտանշանները տանում են դեպի բժշկության դաշտ․ տագնապային գրոհով այցելուները շատ-շատ են դիմում բժիշկների՝ տարբեր գանգատներով, որոնք, սակայն, ժամանակ առ ժամանակ անընդհատ փոխվում են։ Տագնապային գրոհը հարուցում է նաև քնի խանգարման խնդիրներ, անձը բնութագրում է իր վիճակը որպես՝ ոչ քնած, ոչ արթուն կամ քնի մեջ կարծես արթուն լինի»,-երևույթը պատկերավոր նկարագրում է հոգեբանը։ 

Նրա խոսքով՝ գրոհի նոպան տևում է 3-5 րոպե, սակայն որոշիչ են նոպային հաջորդած հոգեբանական հետևանքները՝ վախերի շարանը, ներշնչանքը, վախը մահից։ Դա լուրջ խնդիր է դառնում և ազդում է մարդու կյանքի որակի վրա։ Տղամարդկանց մոտ ավելի շատ սրտի և խեղդվելու հետ կապված խնդիրներ են լինում, կանանց մոտ՝ ուշագնացություն։

Միջազգային ստանդարտներով՝ տագնապային գրոհ ախտորոշումը դրվում է միայն այն դեպքում, եթե խնդիրը կրկնվում է երեք տարի շարունակ։ 

Զրույցն ավելի ծավալուն կարելի է լսել և դիտել։ 

Հեղինակ` Նարինե Նազարյան

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

Օպերատոր` Հովհաննես Մկրտչյան

Հնչյունային ռեժիսոր` Տաթև Զաքարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում