Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-23/24. Մնձուրի, Պետրոսյան, Խաչմանուկյան, Հաթենլոքեր, Շմիդտ, Քիսինջեր

7 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-23/24. Մնձուրի, Պետրոսյան, Խաչմանուկյան, Հաթենլոքեր, Շմիդտ, Քիսինջեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Հակոբ Մնձուրի, Երկեր

h.jpg (482 KB)

Սույն երկհատորյակով «Զանգակ» հրատարակչությունը փորձում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հնարավորինս ամբողջական տպագրել պոլսահայ մեծ գրող Հակոբ Մնձուրու (1986–1978) գրական ժառանգությունը։

Ծնունդով Արևմտյան Հայաստանի Արմտան գյուղից, գրեթե ամբողջ կյանքը Կ. Պոլսում ապրած Հակոբ Մնձուրին (1886–1978 թթ.) հայ արձակի ամենաինքնատիպ դեմքերից է: Մեծ եղեռնի օրերին կորցնելով իր ամբողջ ընտանիքը՝ նա շարունակեց ապրել Կոստանդնուպոլսում, ունեցավ ծանր ու դժվարին կյանք, սակայն իր մոտ 200 պատմվածքներում, ինչպես իր՝ սփյուռքահայ մյուս գրչակիցները, վերստեղծեց կորսված դրախտը՝ հայրենի գյուղն ու արդեն գոյություն չունեցող նախկին կյանքը: Նրա «Կապույտ լույս» (1958 թ.), «Արմտան» (1966 թ.) և «Կռունկ, ուստի՞ կու գաս» (1974 թ.) ժողովածուների՝ նաև մամուլում հրատարակված պատմվածքներում հարազատ գյուղն ու մարդիկ ներկայանում են այնպես, ինչպիսին եղել են մինչ 1915 թ.։ Թվում է, թե ժամանակը կանգ է առել, և ինչ–որ տեղ՝ հեռվում՝ Մնձուր լեռների փեշերին, դեռ ապրում են նրա հերոսները՝ աշխատասեր, բարի, երբեմն ծուռ, նեղացկոտ, իրենց չարքաշ կյանքով ու փոքրիկ վայելքներով:

Երկերի առաջին հատորում ընդգրկված է Հ․ Մնձուրու երեք հայտնի ժողովածուների 122 պատմվածք և այլ նյութեր, որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Գիրքը կազմել, ծանոթագրել ու առաջաբանը հեղինակել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Թարգմանական գրականություն

Մարիամ Պետրոսյան, «Տունը, որտեղ...»-3

tun.jpg (87 KB)

Հազարավոր մարդկանց համար «Տունը, որտեղ…» գեղարվեստական եռապատումը յուրօրինակ գաղտնագիր-բանալի է դարձել. գրքի կերպարներում ընթերցողները ճանաչում են բազմաթիվ ծանոթ բնավորություններ արդեն իրական կյանքից:

Հատկանշական են ռուս գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչի խոսքերը Մարիամ Պետրոսյանի ստեղծագործության մասին. «Ես նախանձում եմ նրանց, ովքեր հիմա «Տուն»-ը առաջին անգամ են իրենց ձեռքն առել: Նե՛րս մտեք, տեղավորվե՛ք: Չգնա՛ք փասիանների մոտ և աշխատե՛ք չմոլորվել Անտառում: Սուրճն ու մյուս ըմպելիքները կգտնեք երկրորդ հարկում: Հավատացե՛ք՝ դուք այստեղ երկար կմնաք:

Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում են փակ հասարակությունը, նրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի հարմարվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Երևակայական, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է խորհրդավոր, առեղծվածային միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ»: Ռուսերենից թարգմանեց Մարգարետ Ասլանյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Դավիթ Խաչմանուկյան, «Ջոլենոյի գտած հրաշքը»

gtac.jpg (256 KB)

Այս պատմությունը յոթնամյա Դավիթ Խաչմանուկյանն է գրել: Հեքիաթը համարյա խմբագրված չէ, միայն մեկ- երկու տեղ բացթողած տառեր են ավելացված և «ա»-ից ու «ո»-ից հետո գրվող «յ» տառը. այս կանոնը դպրոցում դեռ չեն անցել:

Հեքիաթի նկարազարդումները հեղինակն ինքն է արել: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Դանիել Հաթենլոքեր, Էրիկ Շմիդտ, Հենրի Քիսինջեր, «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան»

ai.jpg (202 KB)

Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցը կարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմական զարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության: Արհեստական բանականությունը բովանդակապես վերափոխում է մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը, վերաձևում աշխատաշուկան: Գիտնականները հուսով են, որ արհեստական ​​բանականության շնորհիվ մենք կկարողանանք լուծել գլոբալ խնդիրները՝ գտնել մահաբեր հիվանդությունների բուժումը, հաղթահարել սովիև կրթության ցածր մակարդակը որոշ տարածաշրջաններում, ուսումնասիրել օվկիանոսներն ու տիեզերքը: Բայց գեներատիվ նեյրոցանցի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որ դրա աշխատանքի շատ գործընթացներ անհասկանալի են մարդկանց համար։ Գրքի հեղինակները քննարկում են արհեստական բանականության հնարավորությունները և հիմնախնդիրները: Նրանք բացատրում են պատմական արմատական ​​փոփոխությունները, աշխարհի ընկալումը և մեր դերը դրանում: Այս գիրքը կօգնի հասկանալ ներկան՝ արհեստական բանականության հետագա ազդեցությունը գնահատելու համար: Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում