Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը՝ տարածաշրջանում զարգացած ոսկերչության խորհրդանիշ

3 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը՝ տարածաշրջանում զարգացած ոսկերչության խորհրդանիշ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը հայտնաբերվել է Արմավիրի մարզում պեղումների ժամանակ: Այն խոսում է այդ ժամանակաշրջանում տարածաշրջանում զարգացած ոսկերչության մասին: Այդ ժամանակաշրջանում պատրաստվել են շատ նուրբ զարդեր, որոնք նախատեսված են եղել հիմնականում վերնախավի համար:

Կրծքազարդի գեղարվեստական և ոճական յուրահատկությունների ուսումնասիրությունը մասնագետներին թույլ է տալիս պնդել, որ այն տեղական ծագում ունի:

OLD02104.JPG (278 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը նշեց, որ պեղումների ընթացքում որոշել են ոսկու ծագումը, որի արդյունքում պարզվել է, որ կրծքազարդի պատրաստման համար օգտագործվել է ներկայիս Սոթքի հանքավայրի ոսկին:

Մասնագետը նշեց՝ կրծքազարդը մահիկաձև է` ծայրերին մեկական թռչնի ոճավորված պատկերներով: Թռչունների գլուխները թեքված են առաջ, կտուցները` իջեցրած կրծքին: Պոչերը հովհարաձև են, թևերը ծալված են` եզրագծված փոքր կորություններով: Առաջին հայացքից թռչունների թեփուկավոր թվացող իրաններն արված են մանր միջնորմապատերով առանձնացված բջիջներից, որոնք ընդգծում են մարմնի մանր փետուրները:

OLD02127.JPG (291 KB)

«Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են: Ծառերը վերից և վարից եզերված են եռանկյունիներից կազմված նեղ գոտիով: Ծառերի պատկերման նախատիպերը գալիս են ուրարտական արվեստից և զուգահեռներ ունեն Պերսեպոլսի բարձրաքանդակներում: Կրծքազարդի ստորին եզրը գոտեվորված է մեկընդմեջ լոտոսի ծաղկի և բողբոջի ծաղկեշղթայով: Զարդը ընդելուզված է եղել սպիտակ և կապույտ էմալով (պահպանվել են միայն մնացորդները)»,- ասաց Զոհրաբյանը:

Խոսելով կրծքազարդի ոճային առանձնահատկություններից՝ մասնագետը նշեց, որ այն ձևով, հարդարման տարրերով իր նախատիպն ունի Ուրարտուի կրծքազարդերի մեջ, իսկ գեղարվեստական զարդարմամբ, պատրաստման եղանակով պատկանում է աքեմենյան մշակույթին:

OLD02105.JPG (316 KB)

Ըստ մասնագետների՝ կրծքազարդը նախատեսված է եղել տղամարդկանց օգտագործման համար:

Հեղ.ԳայանեԳաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատորներ՝ՀովհաննեսՄկրտչյան, Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում