Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, hյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Կուդրինը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում