Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգո սահմանել

Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի 
մատակարարման էմբարգո սահմանել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle գերմանական մեդիաընկերությունը։

«Ձախ» կուսակցության կողմից պատրաստված և «Ո՛չ Թուրքիային զենք տալուն» վերնագրով առաջարկը նոյեմբերի 20-ին ուղարկվել է Դաշնային խորհուրդ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այն կմտնի խորհրդի օրակարգ քննարկման համար։  Կուսակցությունների ներկայացրած օրինագծում առաջարկվում է դադարեցնել բոլոր տիպի ռազմական տեխնիկաների, զենքի, պահեստամասերի արտահանումը դեպի Թուրքիա, ինչպես նաև չեղյալ հայտարարել նախկինում ընդունված արտահանման պայմանագրերը։

Կուսակցությունները նշում են, որ Անկարան ցանկանում է ունենալ ժամանակակից զենքի համակարգեր, նպատակ ունի կառուցել մեծ և անկախ ռազմական արդյունաբերություն, ինչպես նաև ընդլայնել հեռահար հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և սուզանավերի արտադրական հզորությունը: Նրանք նշում են, որ Թուրքիային չպետք է հնարավորություն տալ ռազմական տեսանկյունից այսքան հզորանալու, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում անկայունության մեծացման և ի վերջո ծանր հետևանքներ ունենալ եվրոպական պետությունների համար։

Deutsche Welle-ի հաղորդած տվյալների համաձայն, 2009-2018 թվականներին ռազմական արտադրանքի 33 արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Ընդհանուր առմամբ, գերմանական ընկերությունները մոտ 12 միլիոն 800 հազար եվրո արժողությամբ ռազմական սարքավորումներ և պահեստամասեր են վաճառել Թուրքիային, որի արդյունքում նա կարողացել է ստեղծել անօդաչու թռչող սարքերի բավականին մեծ խմբաքանակ։ «Ձախ» կուսակցությունը նշում է, որ այս անօդաչուները (Bayraktar TB-2) օգտագործվելով Անկարայի կողմից Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ պատերազմի ընթացքում, ինչպես նաև մասնակցելով Իրաքում, Սիրիայում և Լիբիայում թուրքերի կողմից իրականացվող մարտական գործողություններին, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում։ Կուսակցությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Անկարայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում ամռանը սկսած գազի որոնման աշխատանքները և այնտեղ ռազմանավերի տեղակայումը մեծ լարվածություն են առաջացրել Հունաստանի, Թուրքիայի և Կիպրոսի միջև, որը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի նկատմամբ ռազմական ճնշումների կիրառման անհրաժեշտությունը։

Կուսակցությունը նշում է, որ Հունաստանն արդեն առաջարկել էր Եվրամիությանը զենքի մատակարարման էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ, սակայն այդ առաջարկի նկատմամբ վետո էր կիրառվել Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մալթայի  կողմից։

Սեդրակ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]