Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համավարակը խթանել է Հայաստանի ներքին զբոսաշրջության զարգացումը. Արա Խզմալյան

Համավարակը խթանել է Հայաստանի ներքին զբոսաշրջության զարգացումը. Արա 
Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ` համավարակով պայմանավորված զարգացում է ապրել Հայաստանի ներքին զբոսաշրջությունը, շատերը նորովի են ճանաչել իրենց երկիրը:

Մարզերում կազմակերպվել և կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպաստում են դրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Արա Խզմալյանն ասաց, որ մենք գնում ենք մեր համայնքներ, այցելում ենք մեր պատմամշակութային վայրերը, և համավարակը ստիպեց մեզ ավելի ուշադիր լինել մեր ներքին ռեսուրսի նկատմամբ, ավելի ուշադիր լինել մեր հայրենակից ստեղծագործողների հանդեպ: «Ընդգծեմ, որ յուրաքանչյուր տարի դրամաշնորհային ծրագրերի պարտադիր պայման է լինելու այն, որ պետական աջակցությամբ իրականացվող նախագծերը մասնակիորեն կամ ամբողջությամբ անցկացվեն նաև մայրաքաղաքից դուրս կա´մ սահմանային համայնքներում, կա´մ այլ բնակավայրերում»,-շեշտեց նա:

Խզմալյանի  խոսքով` մարզային համերգները, մշակութային միջոցառումները շատ կարևոր են: «Որպեսզի մարդը կարողանա բացահայտել իր երաժշտական կարողությունները, նա պետք է ծանոթանա մշակութային իրադարձություններին: Մինչև նա չլսի Ֆիլհարմոնիկ նվագախմբին, չլսի ջազ երաժշտություն, չլսի վոկալ, գուցե նա տասնամյակներ շարունակ չիմանա, որ ինքը կոչված է երգելու, նվագելու, չափ տալու համար: Այսինքն՝ յուրաքանչյուր  մշակութային միջոցառում կարևոր է: Վստահեցնում եմ, որ  կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք առաջին անգամ են լսում «օպերա» բառը, առաջին անգամ են դիրիժորի տեսնում, տեսնում թավջութակ: Եթե մենք անգամ կրթական հատուկ ծրագրեր չմշակենք, երաժշտական խմբերի ներկայությունը համայնքներում ունի հսկայական կրթական և մշակութային ներգործություն»,-ասաց Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է երկու կրթական ծրագրեր ներկայացնել Տավուշում: Փոխնախարարը չցանկացավ բացել փակագծերը` շեշտելով, որ այդ կրթական ծրագրերը կգան  ամրապնդելու համայնքների հետագա պրոֆեսիոնալ մշակութային գործունեությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am