Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության 5 մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում այս պահի դրությամբ ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։
«Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՀԷՑ-ից նաև տեղեկացնում են, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։