Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժամանակակից աշխարհում կրթության դերի, փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու, ինչպես նաև բուհի և տնտեսության միջև կապի ապահովման և մի շարք այլ հարցերի շուրջ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը ներկայացրել է բուհի կողմից իրականացվող ծրագրերը և, մասնավորապես, տեխնոլոգիական ոլորտին վերաբերող նոր նախաձեռնությունը՝ նշելով, որ այն նպատակ ունի համագործակցություն հաստատել կրթական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բիզնեսի միջև:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնությանն ու դրա շրջանակում համագործակցության հնարավորություններին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում