Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

Պատմության անիվի հետպտույտը․ եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

Պատմության անիվի հետպտույտը․ եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918—20 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանը գործադրեցին հնարավոր բոլոր քայլերը պետականության կայացման, կայունացման, ամրապնդման հարցում։ Հայտնի է, որ Բաթումի պայմանագրով նախատեսված 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքը 1920—ին հասավ 70 հազարի։ 1919 թ. Բրիտանիայի աջակցությամբ Կարսի մարզը միացվեց Հայաստանին, իսկ Ղարաբաղը, Նախիջեւանն ու Զանգեզուրը Փարիզի խաղաղարար վեհաժողովի որոշմամբ համարվում էին վիճելի տարածքներ, բայց ՀՀ ազդեցության ներքո էին։

Սակայն պատմության անիվը սկսեց պտտվել այլ ուղղությամբ. արդեն 1919–ից ձեւավորվում է քեմալբոլշեւիկյան համագործակցությունը։ Դրա հիմքերը դրվել էին 1918 թ. Մուդրոսի զինադադարով, երբ Քառյակ դաշինքը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունը, պարտություն կրեցին Առաջին աշխարհամարտում։ Փարիզի խաղաղարար վեհաժողովում հաղթած տերությունները պատրաստվում էին կնքել պայմանագրեր, որոնցով նոր աշխարհաքաղաքական քարտեզն էր ձեւավորվելու։ Փարիզի վեհաժողովի ամբողջ ընթացքը ցույց էր տալիս, որ նախ՝ դադարելու էր գոյություն ունենալ Օսմանյան կայսրությունը՝ զրկվելով ահռելի տարածքներից, դրվում էր նաեւ Թուրքիայի գոյության խնդիրն ընդհանրապես եւ ենթադրվում էր, որ ապագա Թուրքիան կզբաղեցնի անկախ Հայաստանի չափ՝ 175 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Մյուս կողմից՝ Անտանտի երկրները պայքարում էին խորհրդային Ռուսաստանի՝ բոլշեւիզմի դեմ։

«Նման պայմաններում տրամաբանական էր այդ երկու պետությունների հարաբերությունների սերտացումն ընդհանուր «թշնամու՝ միջազգային իմպերիալիզմի» դեմ։ Օբյեկտիվորեն այս համագործակցությունն ուղղվեց նաեւ Հայաստանի դեմ որպես «միջազգային իմպերիալիզմի օջախի»։ Դրա մասին բարձրաձայնվեց 1920 թ. սեպտեմբերին Բաքվում կայացած Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարի ժամանակ, երբ անգամ հայ բոլշեւիկները, մասնավորապես՝ Ավիս Նուրիջանյանը, հայտարարեցին, որ համաշխարհային հեղափոխության հաղթանակի համար կարելի է զոհաբերել մի ժողովուրդ եւ պետություն։ Փաստորեն, այս համագործակցությամբ հիմք դրվեց Հայաստանի Հանրապետության կործանմանը»,–ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում։

Հայաստանի խորհրդայնացմամբ, մեր պատմական տարածքներն անցան ոչ միայն Թուրքիային, այլեւ Վրաստանին եւ Ադրբեջանին։ 1921 թ. հուլիսի 5—ին Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, իսկ հուլիսի 7—ին Ջավախքը՝ Վրաստանին։ Տարածքների այս բաժանման եւ զիջման տրամաբանությունից էլ բխում է 1921 թ. մարտի 16—ի Մոսկվայի անօրինական պայմանագիրը, երբ երկու պետություն առանց երրորդ պետության մասնակցության լուծեցին այդ երկրի տարածքների եւ սահմանների հարցը։

Կրկին Սեւրի պայմանագրի մասին

Քաղաքական նման զարգացումների համատեքստում Սեւրի պայմանագիրը դրական երեւույթ էր։ Վ. Մելիքյանի խոսքով, եթե հարցին չմոտենանք միայն հայկական խնդրի տեսանկյունից, ապա այն վիթխարի առաջադիմական նշանակություն ուներ, որովհետեւ այդ պայմանագրով դադարեց գոյություն ունենալ պատմության մեջ ամենաերկարատեւ Օսմանյան կայսրությունը։ Սեւրի համատեքստում Առաջավոր Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի քարտեզի վրա 1920—ական թթ. առաջ եկան բոլորովին նոր պետություններ՝ Սիրիա, Իրաք, Հորդանան, Պաղեստին, Լիբանան, Եգիպտոսը ձեռք բերեց անկախություն։

«Հույս կար, որ Հայկական լեռնաշխարհում, մեր պատմական հայրենիքում հայ ժողովուրդը եւս կվերագտնի իր անկախ պետականությունը եւ այդպես էլ եղավ՝ Սեւրի պայմանագրով ստեղծվեց Միացյալ ազատ Հայաստանը 160 հազար քառակուսի կմ տարածքով,–նշեց զրուցակիցս, ապա շարունակեց.–Ամենաբարդ պատմագիտական եւ քաղաքագիտական խնդիրը թերեւս այն է, թե այդ Միացյալ եւ ազատ Հայաստան ստեղծող Անտանտի պետությունները, այդ թվում՝ ԱՄՆն, որոնց փոքր դաշնակիցն էր Հայաստանը, ինչո՞ւ 1920 թ. փոխեցին իրենց քաղաքականությունը եւ ավելի նպատակահարմար գտան հարաբերություններ ձեւավորել «նոր» Թուրքիայի հետ, քան ստեղծել այդ մեծ Հայաստանը։ Պատմաբանները շատ են վիճում այս հարցի շուրջ։ Կարելի է միայն ենթադրություններ անել, որ «մեր դաշնակիցները» մտավախություն ունեին, թե այդ մեծ Հայաստանը, հեռու գտնվելով Եվրոպայից եւ ԱՄՆից, կարող է հայտնվել Խորհրդային Ռուսաստանի ազդեցության ներքո։ Արդյունքում՝ նպատակահարմար գտան ունենալ կառավարելի, ենթարկվող Թուրքիա, եւ ինչպես եղավ ապագայում, ՆԱՏՕի կազմում Թուրքիան ուղղել Խորհրդային Միության դեմ»։

Զրուցակցիս խոսքով, արեւմուտքի թե մասնագետ պատմաբանները, թե քաղաքական, պետական գործիչներից ոմանք ընդունում են, որ սխալ է գործվել, որովհետեւ դեպի Սեւ ծով ելք ունեցող Միացյալ անկախ Հայաստանի կայացումը այս հարյուր տարիների ընթացքում տարածաշրջանում կկանխեր բազմաթիվ քաղաքական, տնտեսական, ազգամիջյան, քաղաքակրթական, կրոնական հակամարտություններ։ Կարծիքներ կան, որ եթե Սեւրի պայմանագիրը վավերացված չէ եւ իրավական ուժ չունի, ապա Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը պահպանում է իրավազորությունը եւ հնարավոր է դրա վրա հենվելով որոշակի քայլերի դիմել։

Վ. Մելիքյանի համոզմամբ, Փարիզի վեհաժողովից մինչեւ Լոզանի կոնֆերանս տեղի ունեցած գործընթացները լուրջ վերագնահատման կարիք ունեն, որովհետեւ մեր պատմագիտության մեջ թե Հայաստանում, թե սփյուռքում այս խնդրով զբաղվող մասնագետներից շատերը կարեւոր շեշտադրումները հաճախ կապում են կուսակցությունների գործելակերպի եւ մարտավարության հետ, ինչի հետեւանքով լրջորեն տուժում է օբյեկտիվ պատմագիտական եզրակացությունը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

[email protected]





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ