7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 152-ամյակը նշեց նորացված մշտական ցուցադրությամբ, համերգային ծրագրով և այլ նախաձեռնություններով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ ցուցադրության մեկնարկը արվեստագետներն ու կոմպոզիտորի երաժշտության երկրպագուները նոյեմբերի 1-ին ծաղիկներ խոնարհեցին Սպենդիարյանի շիրիմին, որը կոմպոզիտորի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում է:
Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ ավանդույթի համաձայն՝ հեղինակի ծննդյան և հիշատակի օրերն անցնում են հետաքրքիր միջոցառումներով, որոնք առիթ են ևս մեկ անգամ հանրահռչակելու կոմպոզիտորին և տուն-թանգարանի գործունեությունը, որը մշտապես ընդգրկուն միջոցառումներ է իրականացնում՝ նպաստելով ոչ միայն Սպենդիարյանի, այլև այլ հեղինակների երաժշտության տարածմանը:
«Այս անգամ նորացված ցուցադրությամբ ենք ներկայանում. մենք փորձել ենք ներդաշնակել Սպենդիարյանի անձնական իրերը Յալթայի նրա տան հյուրասենյակի միջավայրի հետ: Նոր խոսքը, որն այսօր ասում ենք, այն է, որ այսուհետ թանգարանային արժեքը՝ կոմպոզիտորի ջութակը, հնչելու է: Յուրաքանչյուր այցելու կարող է ականջակալների միջոցով լսել գործիքի հնչողությունը. կոմպոզիտորի ստեղծագործություններից մեկը կատարել է լավագույն ջութակահարներից Կարեն Շահգալդյանը»,-ասաց նա և հավելեց՝ նորացված ցուցադրության աշխատանքներն իրականացվել են ճարտարապետ Արև Սամուելյանի ջանքերով:
Ըստ Օթարյանի՝ թանգարանն ու թանգարանային արժեքները ստատիկ հասկացություն են, սակայն երբ այդ նմուշներին կյանք ես տալիս, այցելուների ու թանգարանային արժեքների միջև երկխոսություն է ստեղծվում:
Տնօրենը տեղեկացրեց, որ միջոցառումներ են նախատեսվում նաև կոմպոզիտորի անվան երաժշտական դպրոցում: Նոյեմբերի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում կոմպոզիտորի կիսանդրու մոտ նախատեսվում է պատանի սպենդիարյանականների երդման ամենամյա արարողությունը: Հաջորդիվ դպրոցի ճեմասրահում կբացվի «Մեր Սպենդիարյանը» ժամանակավոր ցուցադրությունը: Միջոցառումը կեզրափակվի դպրոցի սաների մասնակցությամբ համերգով։ ««Մեր Սպենդիարյանը» ցուցադրությունը տարվա ընթացքում շրջելու է քաղաքի բոլոր երաժշտական դպրոցներով: Յուրաքանչյուր երաժշտական դպրոցում այն կմնա մեկ ամիս: Նպատակն է երաժշտական դպրոց հաճախող երեխաներին ծանոթացնել կոմպոզիտորի արվեստին: Քաղաքի երաժշտական կրթօջախներում շրջելուց հետո ցուցադրությունը կմեկնի մարզեր»,-տեղեկացրեց Օթարյանը:
Ցուցադրության բացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց՝ շատ տպավորված է և շատ ասելիք ունի, սակայն կփորձի հակիրճ լինել: «Շնորհավորում եմ բոլորիս Սպենդիարյանի հոբելյանի կապակցությամբ: Կարևոր է՝ երբ կա սրտացավ տնօրեն, որն ամեն ինչ անում է թանգարանի հեղինակությունը բարձրացնելու, հանրահռչակելու ուղղությամբ: Երբեմն մենք օբյեկտիվ պատճառներով սահմանափակվում ենք մեկ տարածքում, սակայն միշտ հնարավոր է գտնել գրավիչ ելք: Այս պարագայում շատ լավ ու ճաշակով աշխատանք է արվել տուն-թանգարանում»,-նշեց փոխնախարարը:
Նա հույս ունի՝ ապագայում տուն-թանգարանը, որը միշտ էլ աչքի է ընկել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, կհամալրվի տեխնիկական նոր բաղադրիչներով:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, խոսելով Սպենդիարյանի մեծության մասին, նշեց՝ Սպենդիարյանը կարողացել է եվրոպական շնչով ստեղծել «Ալմաստ» օպերան՝ հենվելով հայ հեղինակի գրական երկի վրա: «Նա առաջինն էր: Ճիշտ է՝ մենք շատ առաջիններ ենք ունեցել, սակայն Սպենդիարյանն իր ուրույն տեղը գտավ հայ երաժշտարվեստում և պրոֆեսիոնալ դասական երաժշտության ակունքներում հենց նա է: Նա եվրոպականը համադրեց ազգայինի հետ ու նորը ստեղծեց»,-շեշտեց Սաթյանն ու հավելեց՝ կոմպոզիտորը շատ ասելիք ուներ և իր խոսքն ասաց աշխարհին՝ մնալով համաշխարհային երաժշտության պատմության մեջ:
Արամ Սաթյանը հիշեցրեց՝ Ռավելը «Բոլերո»-ն գրել է Սպենդիարյանի «Երեք արմավենիներ» ստեղծագործությունը լսելուց հետո:
Տուն-թանգարանի ցուցադրության բացումը եզրափակվեց «Մեղեդի» լարային քառյակի համերգային ծրագրով: Հնչեցին կոմպոզիտորի որոշ ստեղծագործություններ:
Ալեքսանդր Աֆանասիի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Երաժշտությամբ զբաղվել է 9 տարեկանից, սկզբում դաշնամուրի դասեր է ստացել, որոնք սակայն դադարեցին 1-1,5 տարի հետո, քանի որ, ինչպես կոմպոզիտորն է նշում, ինքը տանել չէր կարողանում գամմաները: Ավելի ուշ նա սովորել է ջութակ նվագել: 1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու տարիներին նվագում է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: Ալեքսանդր Սպենդիարյանի անունն իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է բազմաթիվ երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, օպերայից: