Տնտեսություն

Հայաստանում ապակու մշակման արտադրողականությունը նախատեսվում է ավելացնել շուրջ 5 անգամ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ապակու մշակման արտադրողականությունը նախատեսվում է ավելացնել շուրջ 5 անգամ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին այցելել է ալյումինե դռների և պատուհանների արտադրության ոլորտում գործող PROFAL ընկերության ապակու մշակման նորաստեղծ գործարան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունը, ընկերության իրականացրած ներդրումների ընդհանուր ծավալն այս պահին գերազանցում է 20 մլն ԱՄՆ դոլարը։ Միջոցներն ուղղվել են գործարանի շինարարությանը և ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը։

Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է գործարանի տեխնիկական հագեցվածությանը, արտադրական հնարավորություններին և արտահանման ռազմավարական ծրագրերին։

Գործարանի ընդհանուր մակերեսը 120 հազար քառակուսի մետր է, որից 17 հազար քառակուսի մետրը հատկացված է ապակու արտադրությանն ու պահեստային հատվածին։ Առաջիկա երկու տարիներին նախատեսվում է արտադրական տարածքների մակերեսը հասցնել 40 հազար քառակուսի մետրի։

Ընկերությունն օգտվել է նաև պետական աջակցության գործիքակազմից։ Ծրագրի շրջանակում կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որոնց արդյունքում պետության կողմից իրականացվել է 227 մլն 296 հազար դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում։

Նոր գործարանի շահագործմամբ նախատեսվում է ապակու մշակման արտադրողականությունն ավելացնել շուրջ 5 անգամ՝ այն ամսական հասցնելով ավելի քան 40 հազար քառակուսի մետրի։ Արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ մասնավորապես Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում։

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանում ստեղծվեն ժամանակակից, բարձր արտադրողականությամբ և արտահանման ներուժ ունեցող գործարաններ։ PROFAL-ի օրինակը ցույց է տալիս, որ պետական աջակցության գործիքների և մասնավոր ներդրումների համադրությամբ հնարավոր է ընդլայնել արտադրական կարողությունները, ստեղծել աշխատատեղեր և հայկական արտադրանքով ավելի ակտիվ ներկայանալ միջազգային շուկաներում»,- նշել է Պապոյանը։

PROFAL-ը հայկական շուկայում գործում է շուրջ 25 տարի։ Ընկերությունն իրականացրել է ավելի քան 30 հազար նախագիծ Հայաստանում և արտերկրում, համագործակցել ավելի քան 10 հազար տեղական և միջազգային գործընկերների հետ և ներկայում ունի ավելի քան 500 աշխատակից։

Ըստ նախարարության՝ ապակու մշակման նոր գործարանը համապատասխանում է եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին և համալրված է ժամանակակից արտադրական սարքավորումներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում