Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու համար
4 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ վարույթի տարածքային ընդդատության հարցը վերջնականապես լուծելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը Վճռաբեկ դատարան է դիմել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մինչև նախնական դատալսումներ նշանակելը, որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա տարածքային ընդդատությանը։
Նույն հոդվածով սահմանվում է, որ նման դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը որոշումը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի ընդդատության հարցը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ պետք է հստակեցվի, թե առաջին ատյանի որ դատարանն է իրավասու քննելու Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը։
Գործը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր փոխանցվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից։
Օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել էր գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Որոշումը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ Գարեգին Բ-ի վերագրվող արարքի մեղադրական ձևակերպումներում հստակեցված չէ ենթադրյալ հանցագործության կատարման վայրը։
Գործի նյութերը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ստացել էր սեպտեմբերի 1-ին, որից հետո քրեական գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին։
Մինչ այդ գործը քննության նպատակով սկզբնապես մուտքագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Գործով առաջին դատական նիստը կայացել էր օգոստոսի 7-ին։ Նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Դրանից հետո գործը վերաբաշխվել էր և մակագրվել դատավոր Սերժ Ռուշանյանին, որն էլ օգոստոսի 28-ին որոշել էր այն ըստ ընդդատության ուղարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։
Նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրված նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։
Քրեական գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ ներկայում Արման Սարոյանի, պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։