Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված երեք քրեական վարույթի նախաքննությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված քրեական վարույթներից երկուսի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի դեպքով Գ.Հ.-ն, մյուս դեպքով՝ Ջ.Գ.-ն, «Telegram» և «Whatsapp» հեռահաղորդակցման հավելվածներով ստանալով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված թմրամիջոցների թաքստոցների տեղորոշումները, նշված վայրերից վերցրել են համապատասխանաբար՝ 6․4 կգ և 4.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։
Բացի այդ, Գ․Հ․-ն փորձելով դիմել փախուստի, իր վարած ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ծառայողին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։
Երրորդ քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վ.Չ.-ն, Ս.Փ.-ն, Հ.Բ.-ն և Ա.Մ.-ն, օժանդակելով ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով՝ 4.5 կգ «Մեթամֆետամին» տեսակի ու 17.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանը, մեկնել են սահմանային հատված, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել նշված թմրամիջոցները և ուղևորվել Երևան, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ս.Փ.-ն ձեռք է բերել ՌԴ կեղծ վարորդական վկայական, որով ավտոմեքենան շահագործելու ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցներին։
Նշված երեք քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։
Նրանցից 5-ը կալանավորվել են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քրեական վարույթները նշված անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։