Պետր Պավելն անդրադարձել է Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությանը ռազմական ոլորտում
3 րոպեի ընթերցում

Չեխիայի նախագահ Պետր Պավելը խոսել է Հայաստանի և Չեխիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին։ Ինչպես Պրահայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չեխիայի նախագահը թեմային անդրադարձել է Պրահայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Պավելը նկատել է, որ նախագահների դերը երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ճանապարհներ և հնարավորություններ ստեղծելն է, որը, նրա կարծիքով, Հայաստանի և Չեխիայի միջև ստեղծվել է։
«Ինձ թվում է՝ այդ ճանապարհներն ու դռներն արդեն բաց են։ Մենք ունենք ռազմական արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ, որոնք պատրաստ են աջակցել և բանակցություններ վարել այդ հարցերի շուրջ։ Այժմ պետք է մեր նախարարներին թողնենք, որպեսզի նրանք ընդլայնեն այդ հնարավորությունները և նպաստեն կապերի զարգացմանը»,-ասել է Չեխիայի նախագահը։
Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությանը՝ Պետր Պավելը նշել է.
«Այսօր մենք, իհարկե, կոնկրետ չենք խոսել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ստույգ ճանապարհի մասին։ Խոսքը Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման մասին է։ Եվրամիության հետ հարաբերությունների ցանկացած ընդլայնում ենթադրում է որոշակի չափանիշների համապատասխանություն և որոշակի քայլերի իրականացում»։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Չեխիայի Հանրապետության շահերից է բխում, որ այդ կապերը լինեն հնարավորինս սերտ։
Նախագահների համատեղ ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Մասնակցում են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։ Ապա քննարկումները շարունակվել են նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին ողջունել է Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան, տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
ՀՀ նախագահի պատվիրակության կազմում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։
Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։