Իրավունք

59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել

4 րոպեի ընթերցում

59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է՝ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք 2025 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թվականի ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում ստեղծել և մասնակցել են հանցավոր կազմակերպության գործունեությանը։

Հանցավոր կազմակերպության անդամները, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մշակել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու միասնական մեխանիզմ։ Մասնավորապես՝ «WhatsApp» և «Viber» հավելվածներում, օգտագործելով հանցավոր կազմակերպությանը օժանդակած Հ.Բ.-ի, Ռ.Ս.-ի և իրենց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարները, հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։

Այդ օգտահաշիվներից տվյալ անձանց ծանոթներին ուղարկվել են հաղորդագրություններ այն մասին, որ իրենց ծանոթը խնդիրներ ունի պետական տարբեր մարմինների հետ, և այդ կապակցությամբ իրենց հետ կապ կհաստատի ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան» տվյալով, առավել ամրապնդել են տուժածների վստահությունը։

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ՝ տարբեր անուններով, ներկայացրել կեղծ վկայագրեր և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։

Հանցավոր կազմակերպության անդամները, գործելով մեկ միասնական դիտավորությամբ, ընդհանուր առմամբ 59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ, իսկ 19 քաղաքացիներից փորձել են հափշտակել 38 միլիոն 879 հազար դրամ։

Մ.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում