Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

«… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «... Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա, հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա». Շառլ Ազնավուր:

«Դարի արվեստագետ», «ֆրանսիացի փոփ-աստված», «շանսոնի վարպետ», «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա». ինչպես ասես չեն կոչել երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին: Կենդանի լեգենդն այսօր՝ մայիսի 22-ին տոնում է ծննդյան տարեդարձը. Շառլ պապիկն այսօր դարձավ 94 տարեկան: Բայց նրան պապիկ անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Էլ ո՞ւմ եք ճանաչում, որ 94 տարեկանում հանդես է գալիս բազում համերգներով, ճամփորդում է աշխարհով մեկ, իրականացնում ոչ միայն համերգային, այլև բարեգործական ու բազում այլ ծրագրեր, լի է անսահման դրական էներգիայով ու ինչ-որ լավ բան անելու ցանկությամբ:

…Ազնավուրին առաջին անգամ «հանդիպեցի» 12-13 տարեկանում. մեր ձայնագրիչից հաճախ էին հնչում նրա «She»-ն «La Bohème»-ը: Իրական կյանքում առաջին հանդիպումը տեղի ունեցավ ավելի ուշ. բոլորովին անսպասելի, երանելի 2015-ին՝ System of a Down-ի հայաստանյան լեգենդար համերգի օրը՝ օդանավակայանում: Այն ժամանակ Ազնավուրի հետ խոսել չհաջողվեց, բայց ո՞վ կմտածեր, որ նույն 2015-ի հոկտեմբերին նա կրկին կվերադառնա Հայաստան և «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում կնշի՝ Հայաստան գալիս միշտ իրեն երջանիկ է զգում: «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»,-նշել էր հանրահայտ արտիստը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…». Շառլ Ազնավուր:

Հանրահայտ այս տողերը քանիսի՜ համար են ոգեշնչման աղբյուր դարձել. Ֆրանսիայում ծնված, քմահաճ Փարիզն ու ամբողջ աշխարհը նվաճած արվեստագետի կենսագրությունը լեգենդի պես պտտվում է նրա բոլոր հայրենակիցների շուրթերին: Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվել նրան:

 «Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել». Շառլ Ազնավուր:

 1946 թ. հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունն ամբողջությամբ փոխեց նրա կյանքը, և ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»:

«Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտենալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա»… Ազնավուրի հիթերի ոչ ամբողջական ցանկն է: Հիթեր, որ արդեն քանի՜-քանի սերունդներ են սիրում:

Լեգենդի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Կրակե՛ք դաշնակահարի վրա»,  «Սատանան և տասը պատվիրանները»,  «Արարատ», «Հայր Գորիո» և այլն:

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին». Շառլ Ազնավուր:

 Ազնավուր արվեստագետն ու հասարակական գործիչն ամուր կառչած է հայրենիքին: Հայաստանը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է: Ազնավուրն իր բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարում նրա մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: Հիմնադրամի պաշտոնական կայքը՝ aznavourfoundation.org-ը տեղեկացնում է, որ հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ թանգարանը և կրթամշակութային կենտրոն բազմաբնույթ միջոցառումների, դասընթացների համար: 

Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են «Ազնավուր» կենտրոնին նվիրաբերել իրենց արժեքավոր անձնական իրերը՝ ստեղծելու Ազնավուրի կյանքի վավերական, կենդանի և ինտերակտիվ վերապատումը: Կենտրոնում կիրականացվեն այնպիսի ուսումնական ծրագրեր, ինչպիսիք են երաժշտության, կինոյի և ֆրանսերենի դասընթացները:

 «Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է». Շառլ Ազնավուր:

 Վերջերս լեգենդի ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր, բացի այդ նա կոտրվածք էր ստացել: Ճապոնական hipjpn.co.jp կայքը փոխանցում է, որ մայիսին Ազնավուրի՝ Ճապոնիայում կայանալիք համերգները տեղափոխվել են 2018 թ. սեպտեմբեր: lefigaro.fr-ն էլ փաստում է՝ Ազնավուրը խոստացել է, որ հունիսի 5-ին հանդես է գալու Մոնակոյում. արտիստը շարունակելու է հիացնել իր երկրպագուներին աներևակայելի կամքի ուժով ու տաղանդով:

Ավանդույթի համաձայն` Ազնավուրի տարեդարձը հայրենիքում կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը, Հայկ Պետրոսյանը:  

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը». Շառլ Ազնավուր:

 «Արմենպրես»-ը շնորհավորում է կենդանի լեգենդին` ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում երկարակեցություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ:

 Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]