Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևոր իրադարձությունները

«Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևոր իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթ քաղաքական շրջանակներում շարունակեցին խոսել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորման հնարավորության մասին։ Գյումրիում շարունակվեց մեկ տարի առաջ Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովի դատավարությունը։ Սահմաններին կրկին լարված էր։ Իր աշխատանքը վերսկսեց ՀՀ Ազգային ժողովը։ Սիրիայի հակամարտության կողմերի բանակցությունները կազմակերպելու միջազգային հանրության փորձը ձախողվեց։ «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ներքին քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը և նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է համագործակցության՝ հանուն Հայաստանի ապագայի: Նա հավելեց, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, ովքեր կարող են ավելի արդյունավետ աշխատել այս կամ այն պաշտոնում նշանակվելու դեպքում։ Ըստ նրա՝ այդպիսի գործիչներ կան և՛ ՀՀԿ-ում, և՛ ՀՅԴ-ում, և՛ ԲՀԿ-ում և այլ քաղաքական ուժերում, սակայն այս պահին ՀՀԿ-ն ամենաազդեցիկ քաղաքական ուժն է:ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության  անհրաժեշտությունն ինքնին առաջացել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրական արդյունքներից հետո: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, երբ նրանք փորձեցին ճշտել փետրվարի 1-ին շրջանառվող լուրերը, որ երեկոյան կայանալու է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում վերջնականապես հստակեցվելու է համագործակցության ձևաչափը: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, թե իշխանությունները հեղինակազրկված են: Նա չի կարծում, որ դաշնակցական գործընկերները ցանկություն կունենան համագործակցել հեղինակազրկված իշխանությունների հետ, և գտնում է , որ ՀՀԿ-ն կարիք չունի, որ այլ քաղաքական ուժերը մեզ միանան ու բարձրացնեն մեր հեղինակությունը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ  «Բարգավաճ Հայաստան»-ը իշխանությունների հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել: Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն համագործակցելու որևէ առաջարկ չի ստացել ՀՀԿ-ից:  Մելքումյանի խոսքով՝ «Մենք քննարկել ենք, թե քաղաքական մեծամասնություն -«Դաշնակցություն» ապագա կոալիցիայի պայմաններում նոր քաղաքական իրավիճակում ԲՀԿ-ն ինչ ստրատեգիա, տակտիկա է ընտրում: Ոչ թե քննարկել են՝ մենք գնո՞ւմ ենք, թե չենք գնում: Մի բան, որ չկա, ուր գնանք կամ չգնանք»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ այս փուլում ՀՅԴ-ի հետ նախարարական պորտֆելների հարց չի քննարկվել: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափի շուրջ կլինի հստակություն:

Տնտեսական

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փետրվարի մեկից նոր կազմով՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սկսել է աշխատանքները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փետրվարի 2-ին գումարել է նոր կազմով իր առաջին նիստը: Ինչպես Նիստի բացման խոսքում կոլեգիայի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ կոլեգիայի նոր կազմի հիմնական խնդիրն է եվրասիական տնտեսական տարածում ինտեգրացիոն գործընթացերի խորացումը:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վանաձորի մոտակայքում գազային նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքմանը: Հուշագիրը ստորագրվելու է ՀՀ կառավարության՝ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև, որով կողմերը կհաստատեն Էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով համագործակցելու իրենց փոխադարձ հետաքրքրությունը: Ծրագրի համար կներդրվի 220 մլն դոլար:

Հայաստանը և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի տարածքից  Հյուսիս-հարավ մայրուղուն միացող նոր ճանապարհ կառուցելու մասին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, ներկայացնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի` վերջերս Իրան կատարած այցի արդյունքները, մանրամասնեց, որ թե Իրանում, թե տարածաշրջանի երկրներում շատ լավ են հասկանում, որ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելն իրենց համար ավելի ձեռնտու է:

Հասարակական

Հայաստանի կրթական հաստատություններում փետրվարի 1-ին վերսկսվել են դասերը։ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, ինչպես նաև անխափան գործում են ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերը: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երեխաների շուրջ 80 տոկոսը մասնակցել է դասերի:

Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման մեթոդական ուղեցույց»-ը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը: Նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

ԼՂ հակամարտություն

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային («AK» ինքնաձիգերից, «ДШК» գնդացիրներից, «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից), հրետանային (60 և 82 մմ-ոց ականանետերից) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից («ՀԱՆ-17») հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Շշփման գծում փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ, այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:  Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (շուրջ 35 արկ) և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (4 արկ): Հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, պատասխան քայլերի դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը փետրվարի 4-ին հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված մահված փաստը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է:

Հակառակորդի արձակած գնդակից փետրվարի 3-ին վնասվել է Տավուշի մարզի Բերքաբերի բնակչի ավտոմեքենան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ադրբեջանը միտումնավոր ամեն ինչ անում է վնաս հասցնելու եռանախագահների ջանքերին ու Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում փորձ է կատարվում հասնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:  2015 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին լրագրողներից մեկին հարցին ի պատասխան` հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա դիտարկմամբ` Ադրբեջանը, տեսնելով, որ բանակցային սեղանի շուրջ չի կարողանում փաթաթել իր միակողմանի մոտեցումները, փորձում է մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում և դուրս է գալիս ԵԱՀԿ-ի, նաև ԵԽԽՎ-ի դեմ: ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ մոտակա օրերին նոր հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Էդվարդ Նալբանդյանը կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին պայմանավորվածությունների հաստատման ու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներում: Այս մասին բազմիցս հիշատակել են Մինսկի խմբի եռանախագահները, մասնավորապես վերջերս ՌԴ արտգործնախարարը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեղինակավոր The Huffington Post-ում հրապարակել է հոդված «Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն անփոխարինելի Եվրոպայի անվտանգության համար» խորագրով, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:  «Մենք ցանկանում ենք կայունացնել հրադադարի ռեժիմը, կառուցել վստահություն, անել փոքր, բայց իրական քայլեր մարդկանց ամենօրյա կյանքը բարելավելու նպատակով, ինչպես, օրինակ, մեծացնել տնտեսական շրջանառությունը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են դարձել: Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման օգտին: Կարևորագույն քայլ կլինի այնպիսի մեխանիզիմի ստեղծումը, որը կքննի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը, ում կարծիքով այժմ աշխարհն առերեսվում է Սառը պատերազմից հետո Եվրոպայի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգի հետ:

Մինսկի խումբը բավարարված չէ ԼՂ հարցում ստատուս քվոյով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք լիովին հանձնառու ենք շարունակելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները»,- գրել է դիվանագետը:

ՀՀ ԱԺ քառօրյա

 

Ազգային ժողովում մեկնարկել է հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը: Ննստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 164 հարց եւ 41 միջազգային պայմանագիր: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: 5-րդ գումարման Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահը հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կրկնել է իր հրաժարականը: «Ուստի, ես հայտարարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին»,- ասաց ԱԺ նախագահը:Նա հավելեց, որ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը պետք է կայանա պաշտոնը թափուր մնալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը մեկ ժամ տևած քննարկումից հետո հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը: Հանրապետականները հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունը: Արման Թաթոյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տվել է իր համաձայնությունը:

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կպաշտպանի պատգամավոր Զարուհի Փոտանջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին: «Երեկ խմբակցությունում մենք քննարկել ենք հարցը ու որոշել առաջադրել Մակար Եղիազարյանի թեկնածությունը:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Նիստի մեկնարկին քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում  և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է շրջանառության հարկի՝ երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոսի կիրարկմանը: Վարդան Այվազյանի խոսքով՝ երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արտադրության և սպառման թափոններ համարվող ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը: Այնուհետև քվեարկության դրվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 111, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ քվեարկողներ չեղան: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային ծրագիրը: Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 12 պատգամավոր: Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները:

Պերմյակովի դատավարություն

 

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում փետրվարի 5-ին շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը։ Հարցաքննվեցին նրա որոնմանը և ձերբակալությանը մասնակցած վկաները։

Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին: Հաջորդ նիստի ժամանակ կշարունակվեն գործով այն վկաների հարցաքննությունները, ովքեր կապ ունեն  Պերմյակովի որոնողական, հայտնաբերման ու ձերբակալման գործընթացի հետ: Այս մասով առայժմ ներգրավված է 16 վկա, նրանցից փետրվարի 5-ին դատարանը հասցրեց հարցաքննել միայն 4-ին՝  Գյումրիում տեղակայված 2012 ջոկատի սպա, դեպքի պահին Բայանդուրի ուղեկալի հրամանատար Միխայել Խաչատրյանին, նույն ջոկատի կապավոր Գագիկ Խաչատրյանին, որոնողական շներ վարժեցնող Հրայր Մախսուդյանին և ուղեկալի պահակ, Երեզգավորս գյուղի բնակիչ Աշոտ Ալեքսանյանին:

Սիրիա

 

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում հունվարի 31-ին կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 71-ի: Այդ մասին, հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների գծով դիտորդական խումբը: Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնել էին 59 զոհվածների, ներառյալ կանանց ու երեխաների, եւ 120-ից ավելի վիրավորների մասին: Հունվարի 31-ին երեք պայթյուն է որոտացել Դամասկոսի մերձակայքում. դրանցից մեկը հեռակառավարվող էր, երկուսն իրականացրել են մահապարտները: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Սիրիայի ԱԳ նախարարությունն ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որում ընդգծվում է, որ ահաբեկչական գործողությունների նպատակը սիրիական խնդրի կարգավորման շուրջ Ժնեւում սկսված բանակցային գործընթացը վիժեցնելն է:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ հունվարի 31-ին Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։

Մինչ սիրիական բանակը վերացնում էր Հալեպի Նպպոլ և ալ-Զահրայի շրջափակումը, հրթիռներ են արձակվել Նոր գյուղի վրա: Փետրվարի 3-ին ահաբեկչական խմբավորումների կողմից մոտ չորս տարվա շրջափակումից հետո սիրիական բանակը վերցրել է Հալեպի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող Նպպալ ու ալ-Զահրա ավանները: Սիրիական բանակի ու զինված ուժերի հրամանատարությունը հրապարակել է հաղորդագորություն, որում ասում են, որ Նպպալ ու ալ-Զահրա ավանների ապաշրջափակումը հնարավոր է դարձել սիրիական բանակի և նրանց կողքին կռվող կամավորական ջոկատների ջանքերով: Շրջափակման վերացման լուրը մեծ արձագանք է գտել Հալեպում ու դրա սահմաններից դուրս: Բայց մինչ սիրիական բանակը առաջխաղացում է ունեցել վերջին օրերին, ահաբեկչական խմբավորումները երեկոյան ժամներին մի քանի հրթիռ են արձակել Նոր գյուղ շրջանի մի քանի կետերի վրա` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սահակյան վարժարանի միացնող բաժնի, նույն փողոցի վրա գտնվող էլեկտրամատակարարման կայանի ուղղությամբ, որը բռնկվել է: Տեղի ուենցած պայթյունների պատճառով վիրավորվել են մարդիկ, նյութական ծանր վնաս է պատճառվել շրջանի ավտոմեքենաներին, բնակարաններին, խանութներին:

Սիրիական բանակն իր առաջխաղացմամբ կարողացել է վերջնականորեն կտրել թուրք-սիրիական ընդդիմության առկա անմիջական ճանապարհը:

Փետրվարի 5-ին և 6-ին ահաբեկչական խմբավորումներից կողմից կրկին հրթիռակոծվել է Հալեպը, հատկապես Նոր Գյուղ շրջանը: Ավերվել են բնակարաններ և արձանագրվել նյութական մեծ վնաս: Վնասվել են թաղամասի էլեկտրամատակարարման ենթակառուցվածքները, ինչի հետևանքով բնակչությունը զրկվել է ելկտրականությունից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան փորձել է փետրվարի 1-ին իրապես գործարկել միջսիրիական խաղաղ բանակցությունները, որոնք կոչված են վերջ դնել հնգամյա արյունալի հակամարտությանը։ Քաղաքացիական պատերազմի ավարտման ուղիներ գտնելու շուրջ պաշտոնական գործընթացը Ժնեւի Ազգերի պալատում մեկնարկել է դեռ հունվարի 29-ին: Այդ օրը միջազգային հանրության հանձնակատարը նախապատրաստական հանդիպում է անցկացրել Սիրիայի կառավարության պատվիրակության հետ: Սակայն այդ պահից բանակցություններում առանձնակի տեղաշարժեր չեն եղել. ընդդիմության պատվիրակությունը երկար մտորումներից հետո թեեւ հունվարի 30-ին ժամանել է Ժնեւ, բայց այդպես էլ չի հայտնվել Ազգերի պալատում: Փոխարենը երկու կողմերը շտապել են հայտարարել, որ միջսիրիական բանակցությունները, ըստ էության, չեն սկսվել, որ դրանք ոչ թե բանակցություններ են, այլ բանավեճեր:

ԱՄՆ-ի նախագահի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրկը անցած հանգստյան օրերին եղել Է Սիրիայի հյուսիսում, որտեղ հանդիպում Է ունեցել տեղի քրդերի ղեկավարների հետ: Դա Բարաք Օբամայի վարչակազմի պատասխանատու աշխատակիցի «առաջին հայտնի այցն Է» Սիրիա այն ժամանակվանից, երբ 2012 թվականին ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը հեռացավ Դամասկոսից: Մաքգուրկն այցելել Է «Սիրիայի հյուսիսի Ռոջավա անվանումը կրող ինքնահռչակ քրդական միջատարածք», որը քրդերենից թարգմանաբար նշանակում Է Արեւմտյան Քրդստան:

Սիրիական հարցի շուրջ Ժնևում ընթացող բանակցություններից ակնկալիքները մեծ չեն: Տարածաշրջանային զարգացումներն այնպիսին են, որ սիրիական հարցում դրական տեղաշարժ դժվար թե լինի: Նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա նկատեց, որ Մերձավոր Արևելքում այժմ գործում են մոտ 2 հազար 500 ռազմական միավորումներ, որոնց հետևում կանգնած են քաղաքական խոշոր խաղացողներ: «Նրանք, ովքեր հայտ ներկայացրեցին մասնակցելու «Ժնև- 3» բանակցություններին, առանց չափազանցության, կարող ենք ասել, որ իրենցից ոչ ահաբեկչական, ոչ էլ ընդդիմադիր ուժեր են ներկայացնում: Սրանք չունեն կազմակերպվածություն, ղեկավարություն: Սրանք այն միավորումներն են, որոնց հավաքեց Սաուդյան Արաբիան և ուղարկեց Ժնև մի նպատակով` տապալալել բանակցությունները: Դա նման է Տրոյական ձիու պատմությանը: Ամեն ինչ անում են, որ ոչինչ չստացվի: Այդպես էլ կլինի, որովհետև այդ ուղղությամբ աշխատում են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը: Դրանից բացի չթողեցին, որ բանակցային գործընթացին մասնակցեն քրդերը, իսկ առանց քդերի այս հարցը հնարավոր չէ լուծել»,-ավելացրեց Արման Նավասարդյանը:

Թուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի 1, վիրավորվել` 5 զինվոր: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լաթաքիայի հյուսիսային հատվածում: Ներկայում Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակի ստորաբաժանումներն իրականացնում են հարձակվողական օպերացիա այդ հատվածում տեղակայված ահաբեկչական խմբավորումների՝ մասնավորապես «Իսլամական պետության» և   «Ջաբհա ալ Նուսրա»-ի դեմ:  Կառավարական ուժերի գլխավոր նպատակն է վերահսկողության տակ պահել Թուրքիայի հետ սահմանը, որտեղից ծայրահեղականները պարբերաբար ստանում են նյութական, ռազմական օգնություն:

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում: Այս մասին Էրդողանը Հարավային Ամերիկա կատարած այցի ընթացքում զրուցել է թուրքական «Միլլիեթ» պարբերականի լրագրողի հետ: Խոսելով տարածաշրջանային սպառնալիքների մասին` Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայում ռուսական կողմի գործողություններին` ասելով. «Ցավոք, այս պահին Ռուսաստանն այս հարցում ոչ մի բան չի հաշվարկում: Ռուսաստանին հարիր չէ: Մենք ճիշտ չենք համարում ռուսական կողմի այն մոտեցումը, թե «Ինձ Սիրիան է կանչել, դրա համար էլ այստեղ եմ»: Պետք է դիտարկել` արդյոք այդ հրավերն օրինական է, թե ոչ»: Էրդողանն անդրադարձել է նաև ռուսական ինքնաթիռի կողմից թուրքական սահմանը հատելու խնդրին: «Մենք այս պահին համբերատար ենք: Ես պարոն Պուտինի հետ կապված արտաքին գործերի նախարարությանը հանձնարարական եմ տվել: Ասել եմ, որ կարող ենք այս հարցերը քննարկել: Սակայն դեռևս որևէ պատասխան չենք ստացել»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայի հրետանին հարվածներ է հասցրել սիրիական Ջեբալ Աթերա շրջանին, արդյունքում մեծ թվով խաղաղ բնակիչներ զոհվել են: Սիրիայի կառավարությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել երկրի ինքնիշխանության խախտումը եւ հարգել միջազգային օրենքները:

Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ Ժնեւում ընթացող բանակցություններին քրդերին հրավիրելը հետաձգվել Է մինչեւ փետրվարի 11-ը: Բանակցություններին քրդերի մասնակցության հարցը վերջնականապես կլուծվի Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ամերիկացի նրա պաշտոնակից Ջոն Քերիի՝ փետրվարի 11-ի հանդիպման ընթացքում: «Քրդերը պետք Է համբերատար լինեն, քանի դեռ անդրկուլիսային բանակցություններ են ընթանում»,- հայտարարել Է ՄԱԿ-ի՝ անունը չնշած դիվանագետը: Փոխզիջումը հնարավոր Է, եթե քրդերին հրավիրելու դիմաց Մոսկվան համաձայնի բանակցություններին «Իսլամի բանակ» ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչների մասնակցությանը, որին պաշտոնական Դամասկոսը ահաբեկիչների շարքին Է դասում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ժնեւի բանակցություններում սիրիական ընդդիմության կողմից վերջնագրերի առաջադրումն անհեռատես դիրքորոշում է։ «Մենք հենց սկզբից պայմանավորվել ենք, որ ՍԱՀ-ի աջակցման խումբն ազդելու Է ընդդիմության եւ կառավարության վրա, որպեսզի բանակցությունները լինեն առանց նախապայմանների, որ դրանք պետք Է լինեն ինկլյուզիվ»,-ասել Է Լավրովը: «Ուստի հույսը դնել օտարերկրյա հովանավորների վրա, որ նրանք քո փոխարեն համաձայնույթան կգան, եւ վերջնագրեր առաջադրել, բացարձակապես անհեռատես եւ անհեռանկար դիրքորոշում Է»,-հավելել Է նա:  Մինչդեռ Էր Ռիադում ձեւավորված սիրիական ընդդիմության մի մասին երես են տվել արտաքին հովանավորները, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարը: «Ինձ թվում Է, որ Էր Ռիադի ցուցակով ձեւավորված ընդդիմության առանձին անդամների շատ են երես տվել մի քանի հովանավորներ, մասնավորապես, Թուրքիան, որոնք առանձնաբար արգելափակեցին «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության հայտնվելը»,-նշել Է Լավրովը:

Սիրիական բանակի զինվորներն իրականացրել են երկու շիաբնակ քաղաքների` Նոբուլի և Էզ-Զախրայի շրջափակման ճեղքման հաջող գործողություն:  

Սիրիական հակամարտության կարգավորման Ժնեւի բանակցությունները դադարեցվել են մինչեւ փետրվարի 25-ը: ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան նշել է, որ բանակցությունների կասեցման պատճառ է դարձել այն, որ կողմերն իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին ընթացակարգային հարցերի քննարկման, այլ ոչ թե Սիրիայի ժողովրդի հումանիտար խնդիրների լուծման վրա: Ընդսմին, դե Միստուրան ժխտել է այն ենթադրությունը, որ բարդությունները կարող էին պայմանավորված լինել Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններով: Ինչպես ասել է դե Միստուրան, բանակցությունների մասնակիցներին անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել: «Նախապատրաստական բանակցությունների առաջին շաբաթից հետո դեռեւս շատ աշխատանք է մնացել, որն անհրաժեշտ է անել, ոչ միայն մեր կողմից, այլեւ շահագրգիռ կողմերի»,- հայտարարել է դիվանագետը: Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին նշել է, որ բանակցությունները կասեցվել են դրանք լքելու ընդդիմության մտադրության պատճառով: Նման ցուցում, ինչպես պնդում է Ջաֆարին, նրանց տվել են Սաուդյան Արաբիայի, Քատարի եւ Թուրքիայի իշխանությունները:

Սիրիայի կառավարական զորքերը եւ նրանց դաշնակիցները պետք է դադարեցնեն մարտական գործողությունները ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում, որպեսզի ճգնաժամը հաջողվի լուծել խաղաղ ճանապարհով: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ, որը փետրվարի 3-ին տարածել է Պետդեպարտամենտը: «Մենք կոչ ենք անում ռեժիմին ու նրա դաշնակիցներին՝ դադարեցնել ընդդիմության կողմից վերահսկվող շրջանների գնդակոծումը, հատկապես Հալեպում, ինչպես նաեւ դադարեցնել քաղաքացիական անձանց շրջափակումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2165, 2254 եւ 2258 բանաձեւերին համապատասխան»,- նշել է Քերին: Նրա խոսքով՝ «արդեն վաղուց ժամանակն է» միջազգային հանրությանը վերադարձնել այն վստահությունը, որ Սիրիայի իշխանությունները նպատակ ունեն հասնել հակամարտության քաղաքական լուծման: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաեւ նշել է, որ, իր կարծիքով, «ռուսական ավիահարվածների աջակցությամբ ռեժիմի զինված ուժերի կողմից շարունակվող գրոհները», ինչպես նաեւ «հարյուր հազարավոր քաղաքացիական անձանց շրջափակումը» խոսում են հակամարտությունը «ոչ թե քաղաքական, այլ ռազմական ճանապարհով» լուծելու մտադրության մասին:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են ջանքեր գործադրել, որպեսզի միջսիրիական բանակցությունների դադարը հնարավորինս կարճ լինի: Լավրովը եւ Քերին պայմանավորվել են համաձայնեցնել օդային ճանապարհով Սիրիայի շրջափակված շրջաններ հումանիտար օգնություն հասցնելու համատեղ գործողությունները։ Կողմերը փոխըմբռնման են հասել Սիրիայում հրադադարի ռեժիմը քննարկելու անհրաժեշտության հարցում:

Սիրիայի խնդիրների շուրջ անցկացված համաժողովի ընթացքում դոնոր երկրների ջանքերով 10 միլիարդ դոլարից ավելի օգնություն է հավաքվել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Նրա տեղեկացմամբ` 6 միլիարդ դոլար կուղղվի այս տարի հումանիտար աջակցության տրամադրմանը, իսկ 5 միլիարդ դոլար էլ կհատկացվի այդ կարիքների լուծմանը մինչև 2020 թվականը: Քեմերոնը կարծում է, որ սիրիական հակամարտության համար պետք է տրվի «քաղաքական լուծում», իսկ հումանիտար գործողությունների կատարումը հնարավոր կլինի միայն կրակի դադարեցումից հետո:

Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների կողմերից ոչ մեկն առայժմ փոխզիջումների գնալու պատրաստակամություն չի դրսեւորել: Այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: «Նախ՝ կողմերից ոչ մեկը պատրաստ չԷ նվազագույն փոխզիջումների: Երկրորդ՝ ոչ ոք չսկսեց խոսել ըստ Էության, եւ մենք կանգ առանք ընթացակարգային կազմակերպչական մանրամասների վրա: Եվ, վերջապես, ոչ կառավարությունից, ոչ Էլ ընդդիմությունից բարի կամքի ազդանշաններ չեն հնչում պաշարված քաղաքների հումանիտար օգնության ապաշրջափակման համար»,-պարզաբանել Է դիվանագետը։ Դե Միստուրան համոզված Է, որ եթե խորհրդաժողովը տապալվի, «ինչը բացառված չԷ», Սիրիան կդադարի գոյություն ունենալ:

Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան մի քանի շաբաթ առաջ ռազմական գործողությունների կոորդինացման համար պատասխանատու մարմին են ստեղծել: Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, Սիրիայում հակաահաբեկչական ցամաքային գործողություններում կգործի Թուրքիայի հետ համաձայնեցված, ինչի համար կարող է Սիրիա ուղարկել մի քանի հազար հատուկ ջոկատայիններ: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Ահմեդ Ասսերին նախօրեին հայտարարել էր Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին, եթե նրան պաշտպանի ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան: Որոշ միջազգային ԶԼՄ-ներ հայտնում են, որ Սիրիա զորքեր մտցնելու մասին պայմանավորվածությունը Էր Ռիյադի եւ Անկարայի միջեւ ձեռք է բերվել օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Սիրիան կանգնած է ճգնաժամի նոր փուլի առաջ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայում նախատեսվում է տեղակայել նոր ցամաքային ուժեր: «Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սաուդյան Արաբիային, որը պաշտոնապես հայտարարել է, թե պատրաստ է մի քանի հազար զինյալ տեղակայել Սիրիայի տարածքում: Մոտակա օրերին Բրյուսելում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև պետք է սկսվեն ուղղակի բանակցություններն այդ խնդիրն իրականություն դարձնելու համար»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Եվրոպայի խորհրդարանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում եւ Սիրիայում քրիստոնյաների, եզդիների եւ այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների կոտորածները ցեղասպանություն է ճանաչել: Եվրախորհրդարանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամներից պահանջել է Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի կատարած հանցագործությունների հետաքննության համար աջակցել Միջազգային պատժի դատարան հղած իր դիմումին: Որոշման մեջ Եվրամիությանը կոչ է արվել կրոնի եւ դավանանքի ազատության համար մշտական ներկայացուցչություն ստեղծել:

Թուրքիայում հակառուսական տրամադրությունները տանում են նրան, որպեսզի թուրք բնակչությունը նախապատրաստվի Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու: «Չնայած Թուրքիայում հակառուսական տրամադրություններին, մենք Անկարայի հետ ունեցած  կապերը չենք դադարեցնում: Թուրքիայի տեղեկատվական քարոզարշավը ոչ այլ ինչ է, քան թուրք ժողովրդին Սիրիայի դեմ ռազմական գործողություններին նախապատրաստել: Մենք շատ լավ հիշում ենք , թե թուրքական իշխանությունները ինչպիսի հռետորաբանություն էին օգտագործում «թուրքմենական թեմայով», նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ռուսական օդային ռմբակոծիչների մասին խոսելով»,- ասված է ՌԴ ԱԳՆ փաստաթղթում: 

Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցները պատրաստվում են մինչև 150 հազար զինծառայողներ ուղարկել Սիրիա` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Զինվորականների պատրաստվածությունն անցկացվում է Սաուդյան Արաբիայի տարածքում, որին մասնակցում են ինչպես տեղի զինվորականները, այնպես էլ Եգիպտոսի, Սուդանի ու Հորդանանի:

Սիրիայի ընդդիմությունը, որը կազմավորվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով, որոշել է դադարեցնել միջսիրիական հակամարտության կարգավորման շուրջ Ժնևում երկխոսությունը` Սիրիայի բանակի հաջողությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am