Տեսանյութ

Երևանից Կապան՝ մեկ ժամում․ «Սյունիք» օդանավակայանը դիտարկում է նաև միջազգային չվերթների մեկնարկը

5 րոպեի ընթերցում

Երևանից Կապան հասնելու ճանապարհը սովորաբար երկար է՝ ոլորաններով ու լեռնային դժվարանցանելի հատվածներով, և կարող է ժամեր տևել։ Սակայն արդեն տևական ժամանակ է՝ Կապան կարելի է հասնել մոտ մեկ ժամում՝ ինքնաթիռով։ Սա պարզապես թռիչք չէ․ Կապանի օդանավակայանի վերագործարկմամբ Հայաստանի հարավը կրկին հայտնվել է երկրի օդային քարտեզի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է բացառապես ներքին չվերթներ։ Ներկա ռեսուրսներով, ներկա աշխատակազմով այն հնարավորություն ունի սպասարկել ժամում մինչև 50 ուղևորի։

«Աերոնավիգացիա»-ի գործընկերների հետ Սյունիքում տեղադրվել են համապատասխան նավիգացիոն սարքեր, որոնք հնարավորություն են տալիս էապես նվազեցնել թռիչքների չեղարկման հավանականությունը։ Ավիացիան այն ոլորտն է, որտեղ վերջին խոսքը, կարելի է ասել, միշտ բնությանն է պատկանում։ Հաշվի առնելով, որ «Սյունիք» օդանավակայանը դասվում է բարդ օդանավակայանների շարքին, այն մեծապես կախված է եղանակային պայմաններից։ Մեր չվերթները չեղարկվում են բացառապես եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Այլ պատճառներով չեղարկման դեպքեր չենք ունեցել»,- ասաց «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։

Իսկ երբ եղանակը թույլ է տալիս, ինքնաթիռը Սյունիք հասնելու ճանապարհը դարձնում է զգալիորեն ավելի կարճ, իսկ թռիչքի տոմսերը մեծ պահանջարկ ունեն և բավականին արագ սպառվում են:

«2025 թվականի ապրիլից մեր չվերթներն իրականացվում են շաբաթական հինգ անգամ։ Վերջերս երկուշաբթի և ուրբաթ օրերին արդեն օրական երկու չվերթ ենք իրականացնում։ Հաշվի առնելով առկա միտումը՝ հնարավոր է՝ անցնենք շաբաթվա բոլոր օրերին օրական երկուական չվերթի»,- ասաց «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։

20 հազար դրամը շատերի համար կարող է թվալ բարձր, սակայն օդանավակայանի տնօրենի ներկայացմամբ՝ այդ գինը հնարավոր է պահպանել սուբսիդավորման շնորհիվ։

«Մենք թռիչքներն իրականացնում ենք 20 հազար դրամով, ինչը հնարավոր է բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տրամադրած սուբսիդիայի շնորհիվ։ Երևան-Կապան-Երևան չվերթի ընթացքում օդանավը ծախսում է մոտավորապես 500 կիլոգրամ ավիավառելիք, որի արժեքը ներկայում կազմում է շուրջ 400 հազար դրամ։ Հաշվի առնելով նաև օդանավակայանների ծառայությունների, օդանավի մաշվածության, աշխատակազմի և այլ ծախսերը՝ սա բիզնես գործունեության հետ առնչություն չունի։ Սա բացառապես սոցիալական նախագիծ է»,- ասաց Կարեն Վարդանյանը։

Թեև այսօր օդային կապը Կապանի համար ավելի շատ սոցիալական նշանակություն ունի, բայց օդանավակայանի ապագայի մասին խոսելիս՝ այստեղ մեկ այլ հնարավոր ուղղություն է առանձնացվում՝ միջազգային չվերթները։

«Այս գործընթացը քննարկվում է Կառավարության և մեր գործընկերների հետ։ Ակտիվ բանակցություններ են ընթանում։ Կապանի օդանավակայանը մեծամասամբ պատրաստ է միջազգային չվերթներ ընդունելուն։ Որոշակի սերտիֆիկացումից հետո այն կարող է սպասարկել միջազգային չվերթներ։ Անհրաժեշտ են նաև որոշակի ներդրումներ՝ միջազգային օդանավակայանի չափանիշներին համապատասխանելու համար։

Պետք է ներգրավել մի շարք ծառայություններ, այդ թվում՝ մաքսային և սահմանային վերահսկողություն, ինչպես նաև օդանավակայանում ստեղծել համապատասխան անցակետեր»,- ասաց նա։

Խորհրդային շրջանում Կապանի օդանավակայանի թռիչքուղին ունեցել է 1450 մետր երկարություն, բայց 2023-ին երբ այն վերակառուցումից հետո  բացվեց, թռիչքուղին երկարել է մինչև 1750 մետր, ինչը «Սյունիք» օդնանավակայանին տալիս է ավելի մեծ ինքնաթիռներ ընդունելու հնարավորություն: 

«Մենք, մասնավորապես, ATR-72 օդանավի դեպքում, որի տարողունակությունը մինչև 72 ուղևոր է, կարող ենք թռիչքներ ընդունել և սպասարկել տարածաշրջանի ուղղություններ, այդ թվում՝ Ռուսաստանի հարավը, Վրաստանը և Իրանը»,- ասաց «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։

Օդանավակայանի տնօրենը նշեց՝ ներկայում ներքին չվերթներ իրականացնելու դեպքում սա բիզնես նախագիծ չի կարող դառնալ, իսկ միջազգային չվերթների պարագայում  այդ հնարավորությունը կա:

Այսօր Կապանի օդանավակայանը Երևանի և Սյունիքի մարզի միջև կապն ապահովող ամենակարճ և արագ ուղիներից մեկն է։ Սակայն օդանավով Կապան հասնելը միայն ժամանակ խնայելու հնարավորություն չէ․ այն նաև յուրօրինակ ճանապարհորդություն է, որի ընթացքում կարելի է թռչնի թռիչքի բարձրությունից հիանալ Հայաստանի, հատկապես՝ Սյունիքի անկրկնելի բնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում