Հայաստանը պատրաստվում է տեխնոլոգիական ցատկի. Ավինյանի ելույթը Խոնցյաոյի համաժողովի քննարկմանը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը մեծ մարդկային կապիտալով փոքր պետության հրապուրիչ օրինակ է, որը օգտագործում է թվային դարաշրջանի հնարավորությունները: Երկիրն արտադրել է Խորհրդային Միության պաշտպանական արդյունաբերության կողմից օգտագործվող միկրոէլեկտրոնիկայի 30%-ը՝ բնակչության ընդամենը 1,5%-ը կազմելով: Սա այն ամուր հենարանն է, որի վրա հիմնվելով` 21-րդ դարում Հայաստանը նորացնում է ներուժը և պատրաստվում տեխնոլոգիական ցատկին՝ զարգացող երկրից դեպի զարգացած երկրի կարգավիճակ: Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նոյեմբերի 5-ին ելույթ ունենալով Չինաստանի Շանհայ քաղաքում կազմակերպված Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականությունը և ինովացիոն զարգացումը. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

տիկնայք ու պարոնայք,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել տնտեսական զարգացման, մարդու բարեկեցության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում: Համոզված եմ, որ երկրի առաջխաղացումը ապագայում կշարունակվի` նպաստելով իր քաղաքացիների և աշխարհի համար լրացուցիչ արժեքի ստեղծմանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մարդկության պատմությունը մշտապես մրցավազք է եղել տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի հասնելու համար: Առաջին անգամ այս մրցավազքը ավելի շատ հնարավորություններ է ստեղծում, քան վտանգներ և անվտանգության երկընտրանքներ չի առաջադրում: Մի պետության նվաճումը մյուսի պարտությունը չէ: Ինովացիաների և տեխնոլոգիական առաջխաղացման մրցավազքը բերում է մասսայական գիտելիքի ստեղծմանը, որը խելացի կերպով օգտագործվելու դեպքում կարող է օգտակար լինել բոլորի համար:

Քաղաքակրթության զարգացման այս փուլը պատմական էվոլյուցիայի հերթական հանգրվան չէ, այլ հեղափոխական ցատկ, որը տանում է դեպի մի նոր աշխարհ: Սա վերափոխման գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կազատվեն առօրյա ձանձրալի աշխատանքից: Արհեստական բանականությունը և այլ բեկումնային տեխնոլոգիաները զգալիորեն կմեծացնեն մեր կարողությունները և հնարավորություն կտան կենտրոնանալ ստեղծարար գործունեության վրա:

Զարգացման ներկա փուլը յուրահատուկ է նաև նրանով, որ տեխնոլոգիան հանդես է գալիս որպես հնարավորությունները հավասարեցնող գործիք: Չնայած ինովացիան մշտապես եղել է հեռատես և փոփոխություններ բերող մարդկանց ապրելակերպը՝ այն սովորաբար նպաստել է միայն սահմանափակ երկրների զարգացմանը: Այժմ, բոլորը հնարավորություն ունեն քաղել արհեստական բանականության օգուտները: Թե՛ Չինաստանի նման մեծ պետությունները, թե՛ Հայաստանի նման փոքրերը համաշխարհային էկոհամակարգին առաջարկելու բան ունեն, և մենք պետք է նպաստենք, որպեսզի յուրաքանչյուր պետություն իր տեղը գտնի: Ավելին, որևէ պետություն միայնակ չի կարող ամբողջությամբ օգտագործել արհեստական բանականության տված հնարավորությունները, քանի որ հաջողության բանալին ոչ միայն ֆինանսական և մտավոր կարողություններն են, այլև ցանցերը. մարդկանց ու գաղափարների ցանցերը, որոնք սփռված են ամբողջ աշխարհով մեկ:

Այս համաշխարհային գործընթացների մաս կազմելով՝ Հայաստանը մեծ մարդկային կապիտալով փոքր պետության հրապուրիչ օրինակ է, որը օգտագործում է թվային դարաշրջանի հնարավորությունները: Մենք արտադրում էինք Խորհրդային Միության պաշտպանական արդյունաբերության կողմից օգտագործվող միկրոէլեկտրոնիկայի 30%-ը՝ բնակչության ընդամենը 1,5%-ը կազմելով: Սա այն ամուր հենարանն է, որի վրա հիմնվելով` 21-րդ դարում նորացնում ենք մեր ներուժը և պատրաստվում տեխնոլոգիական ցատկին՝ զարգացող երկրից դեպի զարգացած երկրի կարգավիճակ:

Մենք ընտրել ենք արհեստական բանականությունը և տվյալագիտությունը մեր վերելքը առաջնորդելու համար: Նվազ կապիտալատար լինելով, քան բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) այլ խոշոր ոլորտները՝ արհեստական բանականությունը և տվյալագիտությունը հնարավորություն են ընձեռնում համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակի հասնել: Այսօր կարող ենք հպարտորեն նշել, որ հայկական «Picsart», «Renderforest», «2Hz», «SuperАnnotate» և այլ ընկերությունները արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում նոր խոսք են ասում:

Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ուղու սկզբում ենք գտնվում: Տեխնոլոգիական վերափոխման գործընթացը արագացնելու համար մենք պետք է կառավարությունը դիտարկենք ոչ միայն որպես ինովացիաներն օգտագործող և խթանող, այլ նաև որպես ինովացիաներ ստեղծող: Այդ իսկ պատճառով Հայաստանի ունի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը ոլորտի զարգացման նպատակային քաղաքականություն է մշակում: Նշեմ նաև, որ ինովացիոն քաղաքականությունը չի գործում վակուումում, այն պահանջում է հատուկ կանոնակարգեր և ենթակառուցվածքներ: Առաջին հերթին խոսքը կրթության մասին է: Կրթական համակարգում մեծ կարևորություն ենք տալիս բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտի առարկաներին, ինչի մասին են վկայում, օրինակ, դպրոցների մեծամասնությունում ինժեներական լաբորատորիաների առկայությունը և երկրի ութ համալսարաններում «STEM» ոլորտի մասնագիտությունների առկայությունը: Ավելին, որդեգրելով կլաստերային մոտեցում` հիմնել ենք տեխնոպարկեր և ինժեներական քաղաք, ինչպես նաև պլանավորում ենք ինովացիոն թաղամասեր ստեղծել: Այս ամենի արդյունքում նպատակ ունենք միանալ աշխարհի ամենաինովացիոն երկրների ցանկին:

Հարգելի՛ գործընկերներ,

Վերափոխման ճանապարհին մենք աշխարհն ընկալում ենք ելնելով հաղթանակ-հաղթանակ մոտեցումից, այսինքն՝ մեկի ձեռքբերումը մյուսի կորուստը չէ: Կարծում եմ, որ համաժողովը հիանալի հնարավորություն է քաղաքականություն մշակողների, գործարարների և տեխնոլոգիական առաջնորդների համար միմյանց հետ փորձառությամբ կիսվելու համար: Համաժողովը նաև լավ հնարավորություն է հանձնառություն ստանձնելու առ այն, որ ֆինանսական, մտավոր և սոցիալական կապիտալը պետք է օգտագործվի` զարգացման ինովացիոն և բոլորի համար շահավետ համաշխարհային օրակարգ սահմանելու համար»:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը