Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մարզպետարանի աշխատակազմին նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին ներկայացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,ներկայացնելով նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ ըստ արժանվույն կարող է ղեկավարել մարզը: «Ես վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ուժերով արձանագրելու ենք նորանոր հաջողություններ: Ուզում եմ շնորհավորել պարոն Գրիգորյանին այս պատասխանատու և կարևոր առաքելության կապակցությամբ, որովհետև սա մի փուլ է, երբ Հայաստանում մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու, ինչպես նաև այդ ճանապարհին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ հաղթահարելու խնդիր է դրված, ուստի բավականին պատասխանատու, կարևոր և պատվաբեր առաքելություն է»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարարը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին մեկամյա գործունեության ընթացքում մարզային կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար և նկատել, որ վերջինիս կայացրած որոշումը բխում է նոր Հայաստանի քաղաքական գործչի հանրային պատասխանատվության բարձր զգացումից։

Շնորհավորելով և աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Տրդատ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել նախարարին հնչեցրած գնահատականների և ցուցաբերված վստահության համար, որով միասին հնարավոր է եղել մարզում շատ խնդիրներ լուծել և որոշների լուծման սկիզբ դնել։

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը մարզի կառավարումը իրեն վստահելու համար։ «Հետևողական եմ լինելու, որ մարզում իրականացվեն Կառավարության բոլոր ծրագրերը՝ պատշաճ որակով և համապատասխան ժամկետներում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք առաջընթաց ենք գրանցելու. իմ ամբողջ գործունեությունն ուղղված է լինելու դրան»,- գործընկերներին ուղղված խոսքում նշել է Գրիգորյանը։

Մարզպետը կարևորել է համայնքների բնակիչների և մարզպետարանի հետ շփումների առաջնահերթությունը, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ ակտիվ համագործակցությունը՝ լուծման ենթակա հարցերի վերաբերյալ, որով դրական տեղաշարժ պետք է գրանցվի բնակիչների կյանքում: Հույս հայտնելով, որ կարդարացնի ՀՀ կառավարության վստահությունը՝ նորանշանակ մարզպետը նշել է, որ աշխատելու է թափանցիկ գործելաոճով՝ ի բարօրություն մարզի և ժողովրդի: Նա շնորհակալություն է հայտնել նաև պաշտոնաթող մարզպետին հնչեցրած բարեմաղթանքների համար:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում ներկա կգտնվի մարզխորհրդի նիստին, որի ժամանակ էլ կքննարկվեն մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա տարում նախատեսվելիք աշխատանքները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում