Հայաստան

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

4 րոպեի ընթերցում

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող «Դիլիջան», «Սևան» ազգային պարկերը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Խոսրովի անտառ պետական արգելոցն» ու «Սևանի իշխան» կազմակերպությունը COP17-ի Կանաչ գոտում ներկայացնում են համատեղ տաղավար՝ այցելուներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն իրենց գիտաարտադրական գործունեության վերաբերյալ, ինչպես նաև ապրանքների լայն տեսականի։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների, անտառային հողերի օգտագործման և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Դավիթ Աբովյանը նշեց, որ իրենք մասնավորապես ներկայացնում են սեփական արտադրության մեղրի, անտառային պտուղ-հատապտուղերի, ուտելի խոտաբույսերի և դեղաբույսերի նմուշներ։

«Ունենք տնկարանային տնտեսության մեր արտադրանքը երիտասարդ տնկիների տեսքով, ինչը կիրառվում է մեր կողմից անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներում։ Մենք նոր տարվա առթիվ եղևնիների տեսքով նախատեսել ենք խորհրդանշական նվերներ։ «Սևան» պարկն իր հերթին ներկայացնում է թեյատեսակներ, մուրաբաներ, չիչխան, տարբեր թուրմեր։ Անտառային արտադրանքն իսկապես բազմազան է, կապ ունի բնության  հետ, սերում է բնությունից, և առօրյա կյանքում մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում օգտվել է անտառային բարիքներից»,- ասաց Աբովյանը։

Նա մեծապես կարևորեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության դերը COP17-ի կազմակերպչական աշխատանքներում և շեշտեց, որ պատշաճ ներկայությունը շատ կարևոր է իրենց համար։

Մեր զրույցի ընթացքում մարդիկ այցելում էին նշված տաղավար և հետաքրքրություն ցուցաբերում ներկայացված տեսականու նկատմամբ։ Պատասխանելով հարցին, թե նրանք ինչպես կարող են ձեռք բերել այդ արտադրանքը, Աբովյանը հայտնեց, որ թեև տեղում վաճառ չի իրականացվում, բայց կոնկրետ մեղրը, որը «Հայանտառի»-ի կողմից թողարկվում է երկրորդ տարին անընդմեջ, հնարավոր է ձեռք բերել մեծ հանրախանութներում։

«Սովորաբար հայկական ծագման բոլոր ապրանքներն արտադրվում են մասնավոր ընկերությունների կողմից, սակայն այս մեղրը ներկա պահին միակ պետական արտադրանքն է։ Մեր մասնաճյուղերն ունեն մեղվանոցներ, ուստի մեր մեղրը տարբեր չափերով փաթեթավորվում է ու առաքվում հանրապետության մեծ հանրախանութներ։ Իսկ ինչ վերաբերում է մեր տնկիներին, ապա նշեմ, որ ամենամեծ տնկարանը գտնվում է Հրազդանում։ Ներկայումս միջազգային գործընկերների աջակցությամբ տնկարաններ ենք հիմնում Տաշիրում, Սիսիանում, Վանաձորում, որոնք կունենան ջերմոցային փակ տարածքներ, ուստի ամբողջ տարվա ընթացքում կարող ենք ապահովել տնկիների արագ ծլեցումն ու աճեցումը՝ դաշտ տեղափոխելու նպատակով։ Ունենում ենք նաև վաճառքներ, գնորդներին տնկիները տալիս ենք թաղարներով, որպեսզի մարդիկ հետո բուսատեսակները տեղափոխեն հողամաս»,- ասաց Աբովյանը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլլադա Մելքումյանն իր հերթին նշեց, որ COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է՝ աշխարհին պատշաճ ներկայանալու առումով։

«Օգտվելով պատեհ հնարավորությունից՝ մենք ներկայացնում ենք Հայաստանի անտառների կենսաբազմազանությունը։ Ցույց ենք տալիս անտառն իր ամբողջական շղթայով՝ սերմից մինչև սեղան։ Այստեղ այցելուները կարող են տեսնել, օրինակ, սոճու սերմից աճեցված տնկիները, որոնք ցանում են մեր մասնագետները և որոնք այս աշնանը տեղափոխվելու են անտառ։ Այստեղ ներկայացված են անտառային զանազան բարիքներ։ Աշխարհը լայն հնարավորություն է ընձեռում Հայաստանին։ Լինելով փոքր երկիր՝ մենք ունենք հսկայական կենսաբազմազանություն։ Ավելի քան 10 օր աշխարհի ուշադրությունը լինելու է մեր կենսաբազմազանության վրա, ուստի պետք է օգտվենք այս հնարավորությունից և ամեն կերպ արժևորենք մեր կենսաբազմազանությունը»,- ասաց Մելքումյանը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում