Հայաստան

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

3 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կրթության ազգային համակարգերի դերը պարենային անվտանգության խթանման և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» խորագրով բարձրաստիճան պանելային քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է միջազգային համագործակցության և բազմակողմ դիվանագիտության կարևոր դերը կենսաբազմազանության պահպանության, պարենային անվտանգության, կրթության և կայուն զարգացման փոխկապակցված օրակարգերի առաջմղման գործում։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային տարբեր գործընթացների և ոլորտային օրակարգերի միջև կապերի ամրապնդումը, համահունչ մոտեցումների ձևավորումը, ինչպես նաև գլոբալ հանձնառությունների իրականացմանն ուղղված համատեղ ջանքերի խթանումը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է COP17-ի հայաստանյան նախագահության առաջնահերթություններին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության հարցերն ավելի լայն տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգերում ներառման և միջազգային գործընկերությունների ամրապնդման կարևորությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև միջազգային համագործակցության դերը երկրների ազգային կարողությունների զարգացման, փորձագիտական և ֆինանսական աջակցության ներգրավման, ինչպես նաև միջազգային հանձնառություններն ազգային մակարդակում գործնական արդյունքների վերածելու գործում։

Այս համատեքստում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երկարամյա համագործակցությանը՝ որպես արդյունավետ գործընկերության օրինակ, առանձնացնելով «Դպրոցական սննդի» ազգային ծրագիրը։ Կարևորվել է այս ուղղությամբ Հայաստանի կուտակած փորձի փոխանակումը գործընկեր երկրների հետ։

Ամփոփելով`Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ արդյունավետ բազմակողմ համագործակցությունը պետք է նպաստի ոչ միայն միջազգային համաձայնությունների և հանձնառությունների ձևավորմանը, այլև դրանց գործնական իրականացմանը՝ ազգային մակարդակում ապահովելով շոշափելի և երկարաժամկետ արդյունքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում