3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղը մի քանի ամիս է, ինչ վերածվել է շինհրապարակի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցԳանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, համայնքում արդեն ավարտվում են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակներում հիմնանորոգվել են Խաչատուր Աբովյան եւ Սիլվա Կապուտիկյան փողոցները, ոռոգման համակարգը սնող մայր առուն, ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը: Սակայն ճանապարհաշինական ամենախոշոր ծրագիրը՝ Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը, իրականացվում է պետբյուջեի միջոցներով, 328 միլիոն դրամ նախահաշվային արժեքով, ինչի արդյունքում հիմնանորոգվելու է 2 կիլոմետր երկարության ճանապարհ: Շինարարության մի մասը կիրականացվի այս տարի, մյուս մասը ավարտի կհասցվի եկող տարվա ընթացքում: «Պետական միջոցներով ու համայնքապետարանի համաֆինանսավորմամբ այս տարի Գանձակում կիրականացվի մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի շինարարություն, որից շուրջ 318 միլիոն դրամը հատկացվել է պետբյուջեի միջոցներից, Բաղրամյան փողոցի ասֆալտապատման համար: 34 միլիոն դրամ հատկացվել է Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման, 17 միլիոն դրամ՝ գիշերային լուսավորության ցանցի եւ 16 միլիոն դրամ՝ մայր առվի հիմնանորոգման համար: Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի ընդհանուր արժեքի 60 , Գանձակի համայնքապետարանը ՝ 15 տոկոս: Մնացած 25 տոկոսը ներդրել են արտերկրում բնակվող գանձակցի գործարարները: Մայր առվի հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի արժեքի 70, Գանձակի համայնքապետարանը՝ 30 տոկոսը: Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի ընդհանուր արժեքի 65, Գանձակի գյուղապետարանը՝ 35 տոկոսը: Բացի այդ, տեղական բյուջեի միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կապիտալ հիմնանորոգում ենք իրականացրել մանկապարտեզի երկրորդ մասնաշենքում եւ կառուցել երկու թաղամասերն իրար կապող մեկ կամուրջ»,-ներկայացրեցհամայնքի ղեկավարը:
Հոկտեմբերի 24-ին Գանձակ գյուղի շինհրապարակներ այցելեց եւ իրականացված աշխատանքների ընթացքին ու որակին ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Խոսրով Խլղաթյան