3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի և «Ալթհելթ» առողջապահական, կրթական հիմնադրամի միջև կնքված եռակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների շրջանակներում Գեղարքունիքի մարզի բժիշկների համար Գավառ քաղաքում կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց՝ «Շաքարային դիաբետի ախտորոշման և բուժման միջազգային առաջատար մոտեցումները¦ թեմայով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի հիվանդանոցային եւ ամբուլատոր ծառայություններ մատուցող բուժհաստատությունների 60 բժիշկ մասնագետներ: «Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկն է։ Իսկ ի՞նչ անել, որ բժիշկը լավ արդյունքներ ունենա մասնագիտական իր պրակտիկայում։ Հենց այս հարցում ձեզ աջակցելու նպատակով էլ ընտրել ենք կարևոր այս թեման»,-ասաց «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը՝ ողջունելով Գավառում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի և «Ալթհելթ» առողջապահական, կրթական հիմնադրամի կազմակերպած անվճար երկրորդ դասընթացի մասնակիցներին։
Բանախոս ներզատաբան Մարի Ղասաբօղլյանի ներկայացմամբ՝ աշխարհում ամեն 5-րդ վայրկյանում գրանցվում է շաքարային դիաբետի նոր դեպք, 7-րդ վայրկյանում 1 մարդ մահանում է նույն հիվանդությունից։ Յուրաքանչյուր տարի մոտ 500 նոր հիվանդ անցնում է հեմոդիալիզի եւ 700 հիվանդ կորցնում տեսողությունը։ ԱՀԿ կանխատեսումներով՝ 2030 թվականին աշխարհում կհաշվառվի շաքարային դիաբետով 552 միլիոն հիվանդ։
ԱՀԿ կանխատեսումներով 2030 թվականին աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը կաճի 51 տոկոսով: Հայաստանում վերջին տվյալներով հաշվառվում է շաքարային դիաբետով 93 հազար 46 հիվանդ։
Բանախոսը Գեղարքունիքի մարզի բժիշկներին ծանոթացրեց շաքարային դիաբետի ախտորոշման, բուժման եւ վարման աշխարհի ամենավերջին, լավագույն մոտեցումները։ Թեմայի հետաքրքիր ու մատչելի մատուցումից հետո դասընթացի մասնակիցների հետ հարցուպատասխանն առարկայական էր, քննարկվեցին նաեւ մասնակիցների պրակտիկայում հանդիպած դժվար դեպքեր։ «Ալթհելթ» առողջապահական, կրթական հիմնադրամի ղեկավար Վահագն Ղազարյանը վստահեցրեց, որ այս դասընթացները շարունակական են լինելու։
Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։
Խոսրով Խլղաթյան