Հասարակական

Ուսուցիչները պետք է ազատ լինեն իրենց գործունեության ու նորարարության մեջ. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Ուսուցիչները պետք է ազատ լինեն իրենց գործունեության ու նորարարության մեջ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա նախօրեին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից,

«Նախարարը շնորհավորանքի խոսքում հատուկ ընդգծել է ուսուցչի դերակատարումը կրթության կազմակերպման գործում:

«Երբ ասում ենք, որ ուսուցիչը մեր գլխավոր գործընկերն է դպրոցում ու բարեփոխումների ճանապարհին` անկեղծ ենք ասում: Մեր նպատակն է ունենալ արդար համակարգ: Մենք ցանկանում ենք, որ համակարգում աշխատող ուսուցիչները լինեն ազատ` իրենց գործունեության, ստեղծարարության ու նորարարության մեջ, որովհետև առանց այդ արժեքների հանրակրթության ոլորտում հաջողություն չենք ունենա»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

Միջոցառմանը հրավիրվել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության, ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցների այն տնօրենները, ուսուցիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակները, որոնք արժանացել են նախարարության պարգևների: Ընդհանուր առմամբ՝ պարգևատրվել է 77 տնօրեն, ուսուցիչ և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի տեղեկացմամբ` պարգևներ ստացողների թվում են եղել ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հաջողության պատմություններ» նախագծի մասնակից ուսուցիչները, որոնք հանրայնացրել են մանկավարժության հաջողված փորձը՝ իրենց կողմից մշակված կամ փորձարկված մեթոդները կիսելով մասնագիտական և հանրային շրջանակների հետ: Պարգևների են արժանացել նաև ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության «Ուսուցիչ» հաղորդաշարի մասնակիցները :

ՀՀ ՊՆ պարգևներ են շնորհվել զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ժամկետային զինծառայողների ուսուցիչներին:

Բոլոր 77 մասնակիցները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով:

Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Տ. Մանսուրյանի, Մ. Մավիսակալյանի, Ռ. Ալթունյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հատվածներ «Անուշ» օպերայից»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում