ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2016-2019 թվականներին անցկացված 11 զորավարժություններում չկա ոչ մի արտառոց բան, և ադրբեջանական կողմը փորձում է հոգեբանորեն ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի բանակի վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
«2016-2019 թվականի սեպտեմբեր Ադրբեջանն անցկացրել է 11 զորավարժություն 10 հազար և ավելի անձնակազմով: 2016 թվականին անց է կացվել երկու, 2017-2019 թվականներին՝ երեքական զորավարժություն: Այս առումով որևէ արտառոց բան չկա, նրանք ուղղակի փորձում են հոգեբանորեն ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի բանակի վրա»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունների 30 տոկոսը եղել է հայտարարված հարձակողական, իսկ 70-ը՝ հակահարձակողական սցենարով: Զորավարժություններն անցկացնելով՝ նրանք փորձում են շտկել այն թերությունները, որոնք ունեցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: