Մշակույթ

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվում է 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդում  

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվում է 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդում  

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարյուրհինգ երաժիշտ կատարելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «105 ռոյալ» նախագծին ծանոթանալուց հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը գրել է նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանին` նշելով, որ ողջունում է ցանկացած ողջամիտ նախաձեռնություն, որն ուղղված է Հայոց ցեղասպանության փաստի հասարակական հնչեղության ապահովմանը:

«105 ռոյալ» նախագծի հստակ և մանրամասն ծրագրի, ինչպես նաև իրագործման համար անհրաժեշտ գումարների առկայության պարագայում, երբ հիշյալ նախաձեռնության իրականացումն այլևս հավանական կլինի, թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը չի առարկում ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ պայմանով, որ որևէ վնաս չհասցվի կանաչ գոտուն և ընդհանրապես հուշահամալիրի տարածքին»,-նշված է գրառման մեջ:

Նախագծի իրականացման դեպքում ապրիլի 25-ի առավոտյան «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի առաջարկով և բարերարների համաձայնությամբ ռոյալները կնվիրվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում