ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի դեսպանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 13-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պատասխանատու առաքելության ստանձման առթիվ և հաջողություններ մաղթել: Նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում բավականին արդյունավետ և խորը համագործակցություն ունեն` նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այն առավել զարգացնելու մեծ ներուժ է առկա:«Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում»,- ընդգծել է նախագահը:

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Հայերեն English Русский