Միջազգային

Ուրուգվայի ԱԳ նախարարը բացառում է իրենց վրա Արցախի հետ կապված հարցերում Ադրբեջանի կողմից ճնշումները

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայի ԱԳ նախարարը բացառում է իրենց վրա Արցախի հետ կապված հարցերում Ադրբեջանի կողմից ճնշումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան բացառում է, որ իրենց երկիրը կարող է Ադրբեջանի կողմից ճնշումների ենթարկվել Արցախի հետ կապված հարցերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նովոան հայտարարեց օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ուրուգվայը մի երկիր է, որն անկախ է, ինքնիշխան է, ժողովրդավարական մեծ ավանդույթներով և խաղաղության կողմնակից երկիր է: Մենք չենք զգում, որ անհարկի ճնշումներ կարող են լինել, որովհետև աշխարհում գրեթե ոչ մի երկիր չի հանդգնի անհիմն կերպով ճնշում գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ, որն իր պատմության ողջ ընթացքում բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել է` ցույց տալու համար իր հանձնառությունը խաղաղության, փոխըմբռնման և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների օգտին»,- ասաց Նովոան:

Ավելի վաղ Ռոդոլֆո Նին Նովոան և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար այլընտրանք չեն տեսնում: Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում