Երիտասարդ գրողները Ծաղկաձորում քննարկում են ոլորտի խնդիրները

4 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը հունիսի 14-ին մեկնարկեց երիտասարդ գրողների եռօրյա խորհրդակցությունը: Հայաստանի գրողների միության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա միջոցառումը արդեն տասնհինգ տարվա պատմություն ունի: Այսօրինակ հանդիպումները, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, ստեղծագործական ու ճանաչողական բնույթի են: Մասնակիցները հնարավորություն են ունենում շփվելու ավագ սերնդի գրական ընտանիքի անդամների հետ, քննարկելու արված ու չարված աշխատանքները:

«Նպատակը երիտասարդ գրողների ստեղծագործությունների քննարկումն է, ընթերցումը: Ընթացքում նաեւ վարպետության դասեր են անցկացվում: Պատահում է, որ երիտասարդներից շատերը իրար ճանաչում են միայն սոցիալական ցանցերից, իրական կյանքում չեն շփվել, չգիտեն: Սա կարելի է ասել նաեւ ճանաչողական հավաք է: Հանդիպում են, զրուցում, քննարկում»,-նշեց Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահը նշեց, որ այս տարի աշխատաոճը փոխել են: «Պոեզիայի եւ արձակի առանձին խմբեր են ստեղծվելու: Ավելի լայն հնարավորություն կլինի ներկայացնելու, քննարկելու երիտասարդների գործերը: Իրենք կորոշեն, թե որ խմբի քննարկումներին են ուզում մասնակցել: Հաջորդ օրերին տեղի կունենան ֆիլմերի դիտում, պոեզիայի երեկո, տեղեկատվական հանդիպումներ եւ այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց նա:

Գրող, արձակագիր Գուրգեն Խանջյանը խորհրդակցությունը դրական գնահատեց: «Քիչ բան չէ, երբ երիտասարդները համախումբ գալիս են մի տեղ, զրուցում, կիսում մտորումները, խորհրդակցում նաեւ ավագների հետ»,- նշեց գրողը:

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը հինգ տարի է արդեն մասնակցում է հավաքներին: «Տարվա ընթացքում շատ քիչ է առիթ ստեղծվում շփվելու, խոսելու, լսելու մյուս գրողներին, իրենց կարծիքը, նորություններն ու մտքերը: Կյանքի ռիթմը թույլ չի տալիս հաճախ հավաքվել: Այս խորհրդակցությունը ասես տարվա ամփոփում լինի մեզ համար: Հավաքվում ենք, լսում մեկս մյուսին` ով ինչ է արել, ով ինչ է ուզում անել, ինչը չի ստացվել կամ հակառակը: Մեկս մյուսի գրածի մասին կարծիք ենք հայտնում, ծանոթանում: Ամեն տարի նոր մարդիկ են գալիս: Այս իմաստով շատ եմ կարեւորում»,-ասաց նա:

Գրականագետ, «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը խոհրդակցության «ամենատարեց» մասնակիցներից է: «Հավաքներին հենց սկզբից մասնակցել եմ, արդեն մոտ 15 տարի է: Տարբեր սերունդների հետ եմ աշխատել այս ընթացքում: Հանդիպումները գրական դաշտի ընդհանուր մթնոլորտի վրա դրական են ազդում: Երբեմն ստեղծագործողները իրենք իրենց ստեղծագործում են ու պատկերացնում, որ ամեն ինչ հետաքրքիր եւ բովանդակալից է ստացվում, բայց երբ միեւնույն տարածքում հանդիպում են, ընթերցում` հասկանում են բացերն ու թերությունները: Հաճախ ստեղծագործողին կարող է թվալ, թե ինքը շատ լավ է գրում կամ հակառակը` կաշկանդված է: Սեփական ստեղծագործության շուրջ ընթացող քննարկումները բերում են գրականության այսպես ասած ճշգրտման»,- ասաց նա:

Խորհրդակցությունը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը:

Լիանա Սարգսյան

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից