Չի օրինականցվելու որևէ ապօրինի շինություն. Երևանի քաղաքապետարանը վճռական է տրամադրված

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում չեն լինելու ապօրինի հողատարածքների զավթումներ, շինարարություն. քաղաքապետարանը որդեգրած քաղաքականության համաձայն խստորեն հետևում է այդ գործընթացին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի պետ Արթուր Հովսեփյանը նշեց, որ ամենօրյա հսկողություն են իրականացնում հողազավթումների, մայթերի վրա ապօրինի շինարարության հետ կապված:

«Եթե ի հայտ են գալիս նման դեպքեր, ապա արձագանքը չի ուշանում: Նախ` ուսումնասիրվում է դեպքը, ապօրինի գործողությունների պարագայում կառուցապատողին հորդորում ենք ինքնուրույն քանդել: Եթե կառուցապատողը դա չի անում, ապա մենք միջոցներ ենք ձեռնարկում, ինչպես դա տեղի ունեցավ Կոմիտաս 15 հասցեում գտնվող կառույցի հետ կապված: Քաղաքապետարանը մի քանի անգամ զգուշացրել է, սակայն կառուցապատողը ոչինչ չէր անում, մենք էլ ձեռնարկեցինք համապատասխան միջոցներ: Մեզ համար կարևոր է մայթերի հարմարավետությունը, որ քաղաքացին հանգիստ տեղաշարժվի»,-ասաց Արթուր Հովսեփյանը:

Վարչության աշխատակիցներն ամենօրյա շրջայցեր են կատարում վարչական բոլոր շրջաններում, ուսումնասիրում են թեժ գծերով ստացված զանգերը, բողոքները: Դրանք պարտադիր քննության են առնվում և վարչության գործառույթների շրջանակներում ձեռնարկած միջոցների մասին յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում վարչության պետին ներկայացվում է կատարված աշխատանքի մասին ամփոփ տեղեկատվություն:

«Շաբաթական ապօրինի շինարարության մինչև 7 դեպքի ենք առնչվում: Դրանք ամենատարբեր բնույթի են. փորձում են կցակառույցներ ունենալ, տարածքը ընդլայնել, մայթերը, հողատարածքները զավթել, նախագծով նախատեսված ծավալից դուրս շինարարություն կազմակերպել: Ասեմ, որ մայթերի հետ կապված ապօրինի շինարարության դեպքերը քիչ են: Հորդորում եմ մեր քաղաքացիներին զերծ մնալ ապօրինաշինությունից, որովհետև քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է, ոչ մի նման գործ չի հաստատվելու, չի օրինականացվելու, շատ արագ հետևանքները վերացվելու են»,-ասաց Արթուր Հովսեփյանը: Նա նկատեց, որ հիմնականում, կարծես թե, քաղաքացիները դա ըմբռնում են, որովհետև 2019 թվականի առաջին հինգ ամիսներին, 2018-ի համեմատ նման դեպքերի նվազման միտում է նկատվում:

Հարցին, թե արդյոք ապօրինի շինարարության, հողազավթումներ թույլ տվող անձանց մոտ տեղեկացվածության պակասն է խնդիրը, Արթուր Հովսեփյանը նշեց, որ ավելի շատ մտածում են, թե իրենց ապօրինի շինարարության մասին քաղաքապետարանը չի իմանա:

Բնականաբար, քաղաքացիներին հետաքրքրում է, թե ինչ է լինելու այն հին կառույցների հետ, որոնք վաղուց զավթել են մայթերը, ընդլայնվել են, Երևանի քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ այդ բոլոր հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են: Նման կառույցների հետ կապված խնդիրների լուծումն առանձին դեպքերում իրավական գործընթաց է ենթադրում, ինչը ժամանակատար է:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները