ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դրական է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իր այցը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ այցը կարելի է 2 մասի բաժանել:
«Սպիտակ տանը հանդիպում եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլլի հետ, որի հետ խոսել ենք հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու շուրջ։ ԼՂ հիմնախնդրի հարցով ես կարևորել եմ ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և խաղաղությանն աջակցող երկիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգների կողմից պատրաստակամություն կա ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելու, մասնավորապես ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին։
Արմեն Գրիգորյանը շեշտեց՝ հնարավորություն է եղել հանդիպել հայ համայնքի հետ. «Եղել եմ Կալիֆոռնիայում, այնտեղ «Ինովեյթ Արմենիա» միջոցառումն է եղել, որի շրջանակներում հնարավորություն ունեցա քննարկել համայնքի հետ համագործակցությունն ավելի ակտիվացնելու հարցը»։
ԱԽ քարտուղարը նաև վստահեցրեց, որ ԱՄՆ իր այցի արդյունքները շուտով տեսանելի կլինեն: