Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն արցախցիներին կոչ արեց մերժել մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասություններ սերմանել փորձող ուժերին

4 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն արցախցիներին կոչ արեց մերժել մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասություններ սերմանել փորձող ուժերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդին կոչ արեց աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում:

«Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:

Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն այդ իմաստով դա համարեց պետական դավաճանությանը նմանվող գործունեություն: Նա վստահեցրեց, որ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական վիճակներում զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները՝ այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար: Վարչապետի կարծիքով՝ հասունացել է ժամանակը 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

«Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ եւ աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, որոնց գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ եւ աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»,-եզրափակեց վարչապետը:

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում