Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը բացառում է իշխանության ներսում առանձին թևերի ձևավորումը

3 րոպեի ընթերցում

 Նիկոլ Փաշինյանը բացառում է իշխանության ներսում առանձին թևերի ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործադիր իշխանությունը մեկ մարմին է, որը ղեկավարում է վարչապետը: Այնտեղ չկան առանձին թևեր և չեն կարող լինել: Այս մասին մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Դավիթ Սանասարյանի հետ կապված քրեական գործով պայմանավորված՝ իշխանության ներսում ձևավորվել են ինչ-որ թևեր:

«Ես նմա՞ն եմ մի մարդու, ով վարչապետ է և իր կառավարման օրոք իշխանության ներսում կան թևեր: Հայաստանի գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր: Հայաստանի կառավարությունը միասնական մարմին է, և եթե փորձեն առաջանալ թևեր, ապա ես դրանք կկտրեմ: Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը: Բացառում եմ, որ որևէ պարագայում թույլ տամ երկրում անկառավարելի վիճակներ, քաոսներ, ինտրիգներ… կտրելուն չի հասնի: Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի բուն գործին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը իրեն խնդրել է գործը փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը: Դրան կառավարության ղեկավարը դեմ է եղել:

«Ինչու եմ դեմ եղել, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեզ վերաբերող գործերը: Այսինքն՝ մենք չունենք բավական կամք, որ մեզ հետ կապված գործերը քննենք: Այդ խոսակցություններն անընդհատ գնացել են, բայց եթե օբյեկտիվության համար այդ գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ չի կարող գործի քննությունը օբյեկտիվ չլինել, հակառակ պարագայում համապատասխան մարդիկ խիստ պատասխանատվության կենթարկվեն:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում