Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները կնպաստեն ՀՀ տնտեսության զարգացմանն ու կայունացմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահական նախարարության հետ համատեղ տեղի ունեցավ ՀՀ-ում «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկները» զեկույցի ներկայացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպիսիք են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, շարքային դիաբետը և քրոնիկ շնչառական հիվանդությունները, և դրանց ռիսկի գործոնների կանխարգելմանն ուղղված քաղաքականության միջոցառումներում կատարվող ներդրումները կարող են նպաստել Հայաստանի տնտեսության կայունացմանն ու զարգացմանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունները մեծ տնտեսական բեռ են երկրի վրա:

«Հիվանդությունների մասին խոսելիս մենք միայն կենտրոնանում ենք դրանց բուժման ծախսերի վրա և մոռանում այն չստացած տնտեսական շահի մասին, որը մենք կորցնում ենք հիվանդությունների պատճառով: Դրանք հիվանդ մարդկանց չաշխատած ժամերն են, հաշմանդամության պատճառով կորցված օգուտներն են, ծախսված գումարներն են»,- ընդգծեց Թորոսյանը և հավելեց, որ սա մի գործիք է, որը առողջապահության ոլորտի պատասխանատուներին թույլ է տալիս առաջ տանել իրենց քաղաքականությունը՝ բացատրելով, թե որքան կարևոր են կանխարգելիչ միջոցառումները:

ՄԱԿ-ի ՈՎՀ-ի կանխարգելման և հսկողության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, 15 տարվա ընթացքում 4 ամենածախսարդյունավետ քաղաքականության փաթեթների (ծխախոտի օգտագործման, ալկոհոլի և կերակրի աղի չարաշահման և ֆիզիկական թերակտիվության դեմ պայքարի) իրականացման արդյունքում հնարավոր կլինի կանխել ավելի քան 30 հազար մահ՝ տնտեսությանը բերելով ավելի քան 164 մլրդ դրամի չափով օգուտ: Այն համարժեք է Հայաստանի ներկայիս ՀՆԱ-ի 2.9 տոկոսին:

Հայաստանում ներկայիս տնտեսական վնասը տարեկան կազմում է 36.7 մլրդ դրամ՝ ներկայիս ՀՆԱ-ի 6.5 տոկոսը:

ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը իր խոսքում ընդգծեց, որ ՈՎՀ-ը հանդիսանում է մահվան և հաշմանդամության հիմնական պատճառը Հայաստանում:

«Դրանք խոչընդոտում են նաև տնտեսության զարգացմանը: Առաջընթաց ունենալու համար մենք պետք է համագործակցենք: Միջոլորտային ամուր համագործակցությունը առաջնային նշանակություն ունի ՈՎՀ-ի հսկողության ոլորտում շոշափելի արդյունքներ արձանագրելու համար»,- ասաց Զայցևը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ իրենց իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները շոկային են:

«Սա Հայաստանի համար մեծ մարտահրավեր է և պետք է կարողանալ արդյունավետ քաղաքականություն տանել խնդրի լուծման համար: Սա ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում է մեծ խնդիր»,- ասաց Շարփը:

Հայաստանն, ինչպես նաև շատ այլ երկրներ խիստ տուժել են ՈՎՀ-ի բարձր տարածվածության ցուցանիշի արդյունքում: Երկրում մահերի 90 տոկոսը վերագրվում են ՈՎՀ-ին, մինչդեռ Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից մեկով պայմանավորված վաղաժամ մահվան հավանականությունը (մինչև 70 տարեկան) 2016 թվականին կազմել է 22 տոկոս: ՈՎՀ-ի բարձր տարածվածության հիմնական խթանիչները մետաբոլիկ ռիսկի գործոններն են, ինչպես նաև վարքագծային ռիսկի գործոնները՝ ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը և ֆիզիկական թերակտիվությունը: Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում տղամարդկանց 51 տոկոսը ծխում է, 46 տոկոսը՝ օգտագործում ալկոհոլ, իսկ չափահաս բնակչության կեսը ունի ավելցուկային քաշ կամ ճարպակալում:

Հայերեն