Ազգային գրադարանը ծրագրում է ունենալ նոր ժամանակակից ընթերցասրահներ, գրավել անգամ գրքից հեռացած մարդկանց

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը, որը բոլորովին վերջերս է ստանձնել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, նախատեսում է գրադարանի շենքում ժամանակակից ընթերցասրահի ստեղծման համար տարածք հատկացնել: Սարիբեկյանը նպատակ ունի նաև վերակառուցել գրադարանի բակը, որը նույնպես կարող է ընթերցանության ու զբոսանքի հրաշալի վայր դառնալ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սարիբեկյանը:

«Շատերը Հայաստանի ազգային գրադարանը նախկինում և դեռ հիմա էլ շարունակում են ընկալել հիմնականում որպես հայ տպագիր գրքի և մամուլի, վերջին տարիներին նաև թվայնացված գրքերի և մամուլի վիրտուալ պահոց: Այս մեծ գրադարանն ավելի շատ գրապահոցային տարածք է, քան զանգվածային ընթերցավայր, գրապահոցների ու ընթերցասրահների համամասնությունն, ըստ իս, մի տեսակ խախտված է: Մենք այսօր ունենք վիթխարի քանակությամբ գրքեր, ընթերցողների ստվար բանակ, ունենք ընթերցասրահներ՝ ընդհանուր, գիտական, մամուլի, արվեստի, սեղմագրերի և ատենախոսությունների, ընթերցասրահ կույրերի համար, բայց դրանց մի մասը շատ ժամանակ դատարկ կամ կիսադատարկ են, իսկ մյուսը՝ հատկապես ընդհանուր և գիտական ընթերցասրահները, ուղղակի չեն բավարարում ընթերցողներին»,-շեշտեց Սարիբեկյանը:

Նրա խոսքով` մի կողմից պետք է այնպես անեն, որ այդ դատարկ ու կիսադատարկ ընթերցասրահները նույնպես դառնան լեփ-լեցուն, մյուս կողմից մտածեն նոր ընթերցասրահների մասին: «Քայլեր ենք ձեռնարկում կույրերի համար նախատեսված ընթերցասրահի հաճախումներն ավելացնելու ուղղությամբ: Փորձում ենք պատվիրել ռուսալեզու այնպիսի պարբերականներ, որոնք սկսել են հրատարակվել հետխորհրդային տարիներին կամ անգլալեզու հեղինակավոր այնպիսի պարբերականներ, որոնք գրադարանի կողմից մինչ օրս չեն պատվիրվել և այնպիսի պարբերականներ, որոնք պահանջված են նոր սերնդի կողմից: Սա, իհարկե, ժամանակի հետ կավելացնի մամուլի ընթերցասրահի հաճախումների քանակը»,-ասաց Սարիբեկյանը:

Նրա համոզմամբ` գրադարանները զարգանում են, և դասական ընթերցանության համար նախատեսված ընթերցասրահներին զուգահեռ պետք է ստեղծվեն նաև նոր՝ ժամանակակից ազատ ոճի ընթերցասրահներ: Դրանք պետք է հարմարեցվեն ժամանակակից ընթերցողների պահանջներին: «Ընթերցողների նոր սերնդի մի զգալի մասը շատ հաճախ նախընտրում է ոչ թե սեղանի առջև նստած և ձեռքերը ծալած, այլ օրինակ կիսապառկած կարդալ: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդպիսի ազատ ոճի ընթերցասրահ ունենանք գրադարանում: Ընթերցասրահ, ուր կարող ենք ընթերցումներ, քննարկումներ կամ գրքերի վերաբերյալ հեռուստահաղորդումներ կազմակերպել, այնպիսի մի տեղ, ուր այցելուները մտերմիկ մթնոլորտում զրուցեն, քննարկեն, հնարավորություն ունենան մտքեր փոխանակել ու հաղորդակցվել»,-իր ծրագրերը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ըստ Սարիբեկյանի` գրադարանը պետք է դառնա գիտամշակութային կենտրոն, որովհետև գրադարանի խնդիրն առհասարակ կրթական, ժամանցային և գիտական հարցեր լուծելն է: «Վերոնշյալ երեք ուղղություններով էլ անհրաժեշտ է բազմազան ու բազմաբովանդակ միջոցառումներ կյանքի կոչել, որ գրադարանը միշտ լինի հետաքրքիր, և որին նույնիսկ գրքից հեռացած մարդիկ կապվեն: Եվ շեշտադրումը չի լինելու միայն գեղարվեստական գիրքը: Առաջիկայում նախատեսում ենք տարբեր թեմաներով գիտաժողովներ հրավիրել: Արդեն հաստատված ու շարունակական միջոցառումների ավանդույթներ ենք հիմնել՝ շաբաթ օրերը մեր կինոսրահում գրական նշանակալից երկերի էկրանավորումներ են ցուցադրվում, կազմակերպել ենք գրական ստեղծագործությունների նկարազարդումների առաջին ցուցահանդեսը, որ շարունակական բնույթ պիտի ունենա: Թե՛ էկրանացումը, թե՛ պատկերազարդումը արվեստի՝ գրքի հետ կապված տեսակներ են, և խնդիրը արվեստի տարբեր միջոցներով մարդկանց դեպի գիրքն ու ընթերցանության հաճույքը վերադարձնելն է: Կարևոր է նաև ընթերցողական զանգվածների հետ աշխատանքը: Այդ նպատակով էլ կույրերի համար ընթերցանություն ենք կազմակերպել: Նշանավոր մարդիկ կույրերի համար որևէ ստեղծագործություն են կարդում: Բայց այդ զանգվածների ընդլայնմանը զուգահեռ շատ կարևոր է նաև ընթերցասրահների խնդիրը լուծել»,-նշեց Սարիբեկյանը:

Անդրադառնալով գրքերի թվայնացման գործընթացին՝ նա ասաց, որ գրադարանի գրքերի թվայնացումը վաղուց է իրականացվում և շարունակվում է, բայց դարձյալ այդ թվայնացված գրքերը ընթերցողների համար մատչելի դարձնելու ծրագրեր են պետք իրագործել, քանի որ ժամանակակից ընթերցողներից շատերը էլեկտրոնային գրքերով են նախընտրում ընթերցել: «Այդ նպատակով քննարկում ենք մեր կողմից թվայնացված գրքերի ձևաչափի՝ էլեկտրոնային գրքերի համար նախատեսված ձևաչափի փոխակերպելու և ազգային գրադարանի հատուկ բաժանորդների համար թվայնացված տեքստերն այդ կերպ ընթեռնելի դարձնելու հարցը»,-ընդգծեց տնօրենը:

Նա շեշտեց, որ իր նախագծերի կարևոր մասն է կազմում գրադարանի բակի վերակառուցումը: Ցանկանում է, որ այն վերածվի այգի-ընթերցասրահի, որտեղ մարդիկ կարող են զբոսնել ու կարդալ:

Խոսելով աշխատակազմի մասին՝ Հրաչյա Սարիբեկյանն ասաց, որ գրադարանային գործը գրադարանավարից շատ մեծ նվիրում, բարեխճղություն, պատասխանատվություն և բծախնդրություն է պահանջում, և ինքը կշարունակի աշխատել այդ որակները կրող գործընկերների հետ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում