Հասարակական

Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

Նախնական քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2013 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն զբաղեցնելով «ՀՀ Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, յուրացրել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես, Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենը 2015 թվականի հունվար ամսից նշված ՊՈԱԿ-ում դստերն ընդունել է աշխատանքի՝ որպես գործավար, իսկ 2017 թվականի հունվար ամսից՝ ամուսնուն՝ որպես պահակ-դռնապան,

սակայն վերջիններիս կողմից աշխատանքի փաստացի չհաճախելու պայմաններում, իր կողմից կազմվող աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով դստեր և ամուսնու կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ՝ փաստաթղթերը վավերացրել է իր ստորագրությամբ, որի արդյունքում նրանց հաշվեհամարներին որպես աշխատավարձ ելքագրվել և փոխանցվել է խոշոր չափերի գումար:

Բացի այդ, նույն դպրոցի տնօրենը 2015 թվականի օգոստոսից քրոջը՝ դպրոցի մանկական կոլեկտիվի կազմակերպիչին, ընդունել է նշված ՊՈԱԿ-ում որպես գիշերային պահակ, սակայն վերջինս որպես գիշերային պահակ չի հաճախել աշխատանքի: Դպրոցի տնօրենը, սակայն, չի գրանցել նրա բացակայությունները և 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի հունվարը, հաստատելով աշխատավարձերի ցուցակները, քրոջ հաշվեհամարին որպես աշխատավարձ փոխանցել է ընդհանուր 168.065 դրամ գումար՝ պետությանը պատճառելով զգալի չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողը. ԱԱԾ նախնական տվյալներով՝ պատճառը նրան ամրակցված ինքնաձիգից կրակոցն է

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ

Մենք լուրջ պայքար ունենք տանելու աշխարհի առաջնությունում. Վարազդատ Լալայան

«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ

Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններում քննարկել է Գազայի հարցը

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը

Տեսնում ենք` պոտենցիալ կա. Արայիկ Հարությունյանը` ծանրորդների ԵԱ-ի ելույթների մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ապրիլի 29-ին