Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին
2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են Ջամուում և Քաշմիրում նոր ահաբեկչությունների հնարավորության մասին, որոնք ուղղված կլինեն երկրի այլ շրջանների բնակիչների, զբոսաշրջիկների, ոստիկաններին և երկաթուղայինների դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով News18 հեռուստաալիքը։
Ահաբեկչությունը Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին։ Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարություն էին անում Բայսարանի հովտում, որը զբոսաշրջության հայտնի վայր է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ Նեպալի քաղաքացի:
«Պակիստանի հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները ծրագրում են ավելի շատ հարձակումներ իրականացնել՝ ուղղված զբոսաշրջիկների, ոստիկանների և քաշմիրցի ուսուցիչների ու քահանաների դեմ հատկապես Սրինագար և Գանդերբալ շրջաններում», - նշված է հաղորդագրության մեջ:
Հետախուզական աղբյուրները նաև զգուշացրել են հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին, որոնք կարող են ուղղված լինել երկաթուղային ենթակառուցվածքների և երկաթուղու անձնակազմի դեմ:
Ի պատասխան Ջամուում և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության՝ Հնդկաստանը Պակիստանի նկատմամբ մի շարք միջոցառումներ է սահմանել, այդ թվում՝ Պակիստանի ռազմական կցորդների արտաքսումը, Ինդուսի ջրերի պայմանագրի կասեցումը և Աթթարի ցամաքային տարանցման կետի անհապաղ փակումը։