ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը կշարունակվի երեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, ժամը 14:30-ին:
«Այսօր ավարտեցինք բողոքների ներկայացման գործընթացը, որ երեկ էինք սկսել: Դեռևս չի ավարտվել բողոքի քննությունը, ավարտվել են միայն բողոքի ներկայացումները, առարկությունները»,- ասաց Քոչարյանի պաշտպաններիցԱրամ Օրբելյանը:
Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին, սակայն նա դեռևս չի խոսել, քանի որ նոր է ավարտվել բողոքների ներկայացումը: Ակնկալվում է, որ ապրիլի 9-ին ՀՀ երկրորդ նախագահը կխոսի և կներկայացնի իր դիրքորոշումը:
Անդրադառնալով Քոչարյանի կալանքի վերացման հարցին՝ Օրբելյանը նշեց, որ դրա վերաբերյալ մի շարք հանգամանքներ կան:
«Օրինակ՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ: Մենք այնտեղ մի շարք փաստարկներ և խնդիրներ ենք բարձրացրել, որոնց Առաջին ատյանը չի անդրադարձել: Սա ամենաանկյունաքարային խնդիրներից է այսօր»,- ընդգծեց փաստաբանը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Ռուզաննա Բարսեղյանը: Առաջին ատյանի դատարանըմարտի 15-ին քննարկել ու բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Հատուկ քննչականծառայության միջնորդությունը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: