Հասարակական

Աղետների կանխարգելումը՝ գերնպատակ. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

Աղետների կանխարգելումը՝ գերնպատակ. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (ՅՈԻՆԻՍԵՖ) Տանյա Ռադոչային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը:

Նախարարն ընդգծել է, որ իր հումանիտար առաքելության մեջ նախարարության գլխավոր անելիքը աղետների հնարավոր կանխարգելումն է: Այդ առումով չափազանց կարևոր է դպրոցներում համապատասխան գիտելիքների ուսուցումը:

Այս տեսանկյունից առավել քան կենսական է Հանրապետության հանրակրթական հաստատություններում քաղպաշտպանության դասընթացների անցկացումը:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ այս հարցում կրթության և գիտության նախարարության հետ առկա է նախնական համաձայնություն:

Ըստ նախարարի՝ աղետների ռիսկի նվազեցմանը կծառայի նաև դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լուսաձայնային և ազդանշանային համակարգերի տեղադրումը:

Տանյա Ռադոչան շեշտել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստամությունը բնական և տեխնածին աղետների դեպքում ՀՀ-ին աջակցելու հարցում՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր ապահովագրված չէ աղետներից:

Միջազգային կառույցի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ-ին օժանդակության ծրագրի շրջանակներում 55 դպրոցական հաստատություններին տրամադրվում է աղետների ժամանակ գործողությունների վերաբերյալ ուսումնամեթոդական գրականություն:

Նա տեղեկացրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեթոդական օժանդակություն է ցուցաբերում աղետների ռիսկի նվազեցման գործում օրենսդրական կարգավորումներում:

Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում մեր երեխաները կդառնան ավելի պաշտպանված և իրազեկ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում