Տնտեսություն

Հայաստանը լիարժեք պատրաստ է ԵՄ-ի հետ համագործակցել բարեփոխումների ամբողջ օրակարգի շրջանակում. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

   Հայաստանը լիարժեք պատրաստ է ԵՄ-ի հետ համագործակցել բարեփոխումների ամբողջ օրակարգի շրջանակում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում մի շարք ոլորտներում նախատեսված ծրագրերին: Դրանք կապված են ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինությանը՝ Հայաստանում մոտ երկու տասնյակ ջրամբար է նախատեսված կառուցել, ճանապարհաշինությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, էներգետիկայի զարգացմանը, էներգետիկ միջանցք ձևավորելու գործընթացին, կրթությանը, հարկային վարչարարության բարեփոխումներին: Այս մասին մարտի 19-ին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ամբողջ օրակարգի շրջանակում: ԵՄ-ի բարձր ղեկավարությունը նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ բոլոր ծրագրերի իրականացմանը: Այստեղ կա մի արձանագրում, ԵՄ-ն պատրաստ է լուրջ աջակցել ծրագրերին, սակայն բոլորս հասկանում ենք, որ ԵՄ-ն չի վերցնելու ու միանգամից այդ ծրագրերը չի ֆինանսավորելու: Հայաստանն իր բաժին ներդրումը նույնպես պետք է ունենա: Դրա համար մենք ունենք մի խնդիր՝ կապված պետական պարտքի վերաբերյալ օրենսդրական սահմանափակումների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը: Հայաստանի ներդրման այս պահի ամենատեսանելի աղբյուրն արտաքին ֆինանսավորումն է, ինչը կարող է բերել պետական պարտքի ծավալի մեծացման: «Եվ հիմա մենք պետք է լուրջ քննարկում ունենանք, թե արդյոք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով: Առաջիկա 20 օրվա ընթացքում մենք քննարկում կունենանք Կենտրոնական բանկի հետ, որպեսզի այդ հարցերը դիտարկենք»,-ասաց ՀՀ վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում