Զոհրաբ Մնացականյանը կարևոր քաղաքական ազդակ է համարում ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան
2 րոպեի ընթերցում
![Զոհրաբ Մնացականյանը կարևոր քաղաքական ազդակ է համարում ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/967333.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան շատ կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ Հարավային Կովկասում նվազագույնի է հասցվել ԵԱՀԿ ներկայացվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Վերջին երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշնային առաքելությունները, և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը: Հատկանշական է նաև, որ սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է Հայաստան մեր երկրում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական հեղափոխությունից և 2018թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք արժանացան միջազգային հանրության, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամենաբարձր գնահատականին»,- ասաց Մնացականյանը:
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությանը:
«Մենք հանձնառու ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը: Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր հարթություններում կազմակերպության օրակարգի հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ»,- նշեց Մնացականյանը: