Քաղաքականություն

Դոնալդ Տուսկին հույս են ներշնչում ԼՂ հարցով վերջին շփումները

2 րոպեի ընթերցում

Դոնալդ Տուսկին հույս են ներշնչում ԼՂ հարցով վերջին շփումները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել այս հարցին՝ «միջազգային օրենքի տառին համապատասխան»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Տուսկը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին շփումները հույս են ներշնչում:

«Մենք Ձեզ հետ այսօր քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները և ինձ հույս են ներշնչում կողմերի շփումները: Պետք է հասկանալ, որ այս ժողովուրդների խաղաղությունն ամեն ինչից վեր է»,-նշել է Տուսկը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը երեք ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նրանք 2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում