Քաղաքականություն

Հարցրեք նրանց, ովքեր մասնակցել են. Զախարովան Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության մասին

2 րոպեի ընթերցում

 Հարցրեք նրանց, ովքեր մասնակցել են. Զախարովան Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն դրա հետ կապ չունի:

«Թե ինչու են ՌԴ խորհրդարանի պատգամավորները մասնակցել այդ միջոցառմանը, կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցը ուղղել հենց նրանց, ովքեր մասնակցել են: Մենք ասել ենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ միջոցառմանը մասնակցության կազմակերպման հետ առնչություն չունի»,-ասաց Մարիա Զախարովան:

Փետրվարի 27-ին ռուսական Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը նշել է, որ հայկական կողմը իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ:

Նույն օրն այդ մասին Դաշնության Խորհրդի լիագումար նիստում իր ելույթում խոսել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Պետք է ցավով փաստեմ, որ չնայած հարաբերությունների բարձր մակարդակին ու մեր երկրների դաշնակցային գործակցությանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ռուսական կողմի ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ երեկ մասնակցել են Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային», – նշել է Արարատ Միրզոյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում